News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է բարեկամ Կիպրոսից ժամանած բարձրաստիճան հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, նշելով, որ այցը լավ հնարավորություն է հանգամանորեն քննարկելու հայ-կիպրական օրակարգի հարցերը, նախանշելու համագործակցության հետագա ծրագրերը:

Հանրապետության նախագահը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկուստեք ընդգծել են, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդները դարերի խորքից եկող բարեկամական հարաբերություններ ունեն, պատմության ընթացքում անցել են բազում փորձությունների միջով եւ այսօր էլ, որպես անկախ պետություններ, շարունակում են ամրապնդել միջպետական հարաբերություններն ու խորացնել համագործակցությունը:

Յանակիս Օմիրուի համոզմամբ, երկու ժողովուրդներն էլ մշտապես հիմնվել եւ հիմնվում են համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա եւ նաեւ դրա շնորհիվ է, որ կարողացել են դիմագրավել բոլոր փորձությունները: Նա ընդգծել է, որ այցելել է եղբայրական եւ ոչ թե՝ օտար երկիր, որտեղ իր գլխավորած պատվիրակությանը ջերմությամբ են ընդունել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի եւ փոխադարձ հարգանքի վրա ձեւավորված հայ-կիպրական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Սերժ Սարգսյանը եւ Յանակիս Օմիրուին կարեւորել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի առավել սերտացումն ու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը ճանաչելու եւ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին օգնության ձեռք մեկնելու՝ ապաստան տրամադրելու, ապրելու եւ արարելու հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու արդի մարտահրավերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ