Մինչեւ 2014թ. դեկտեմբերը Apple-ը մոտ 71,մլն iPhone կվաճառի: Այս մասին, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, գրում է Apple Insider-ը՝ վկայակոչելով KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Հի Քոուի խոսքերը:
Ըստ նրա՝ ընկերությունը կարող է գերազանցել նախորդ տարվա սեփական ռեկորդը, որը կրկին սահմանվել էր դեկտեմբերյան եռամսյակում: Այն ժամանակ ընկերությունը 51 մլն iPhone էր իրացրել: Եթե կանխատեսումն իրականանա, ընկերությունն արդյունքը կբարելավի ավելի քան 20 միլիոնով կամ 40%-ով:
Մին Հի Քոուի խոսքով՝ նախատոնական եռամսյակում ամենամեծ պահանջարկն ունի iPhone 6-ը:
Անմիջապես տոներից հետո iPhone-ի վաճառքը կիջնի 49,5 միլիոնի՝ 2015թ. հունվար-մարտին: Դրա բացատրությունը պահանջարկի սեզոնայնությունն է եւ նոր մոդելների ներկայացման ժամկետը:
Ըստ KGI Securities-ի վերլուծաբանի՝ 2015թ. Apple-ը կդադարեցնի նախկին մի շարք մոդելների վաճառքը, այդ թվում՝ iPhone 5C-ինը եւ iPhone 4S-ինը՝ iPhone 5S-ը թողնելով որպես մատչելի տարբերակ: