News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի  25-ին Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է  Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը՝ կարեւորելով Հունաստանի հավասարակշռված պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:  Զրուցակիցները երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերություններում  կարեւորել են միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը՝ առանձնահատուկ նշանակություն տալով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ԱԺ փոխնախագահը Հունաստան-Հայաստան բարեկամության խմբին հրավիրել է մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Ավելին՝ պարոն Շարմազանովն առաջարկել է Հունաստանի խորհրդարանում կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ  լուսանկարների ցուցադրություն: Նա ընդգծել է, որ Հայաստանն անելու է ամենը՝ մարդկության դեմ իրագործված ոճիրները դատապարտելու համար: Հունաստանի դեսպանը ողջունել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը:

 Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ  Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը սպառնացող քաղաքականությունը:

Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսն ընդգծել է, որ Հունաստանը եւս ԼՂ հակամարտության  կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձեւաչափով: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ նա այն որակել է որպես մեծ հանցագործություն ժամանակակից պատմության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ