News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընթերցել է ԱԺ հայտարարության նախագիծ, որը վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակմանը:

Մասնավորապես, հայտարարությունում  իրավապահներին կոչ է արվում արագ հայտնաբերել եւ խստորեն դատապարտել Արամ Մանուկյանի եւ «մյուս քաղաքացիների» նկատմամբ բռնություններին մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ:

Հայտարարության մեջ, նաեւ ասվում է.

«ԱԺ-ն, խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երեւույթներով, ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ ու անաչառ գործունեությունը, մեղավորներին արագ բացահայտելու ու օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կանչելու համար, ընդգծելով մեր գործընկեր Արամ Մանուկյանի եւ մյուս քաղաքացիների գործերի քննությունն ԱԺ-ի ու ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը, հայտարարում ենք, որ խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որեւէ քաղաքացու ու հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին եւ կազմակերպություններին իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությունը եւ կարող են ավելացնել անհարկի լարվածություն հասարակության շրջանում»:

Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից արտահերթ նիստի աշխատանքները բոյկոտելուն, Գալուստ Սահակյանը նշել է, որ սովորաբար բոյկոտում են որեւէ օրինագիծ, իսկ սա ընդդիմադիրների կողմից փորձ էր ԱԺ աշխատանքները ձախողելու, որը չստացվեց:

Նա ընդգծել է, որ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցել են, եւ ինքն առաջարկել է հայտարարության նախագիծ ընդունել, քանի որ մտահոգությունները բոլորը կիսում են:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ