Որոտանի կասկադ ՀԷԿ-ի վաճառքի պայմանագրի հիմնական հարցերը լուծված են: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խորհրդարանում հայտարարեց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով՝ կասկադի նոր սեփականատերը (ամերիկյան «Contour Global») դեռեւս իր վրա չի վերցրել կառավարման պարտավորությունները: «Սակայն խնդրահարույց հիմնական հարցերն արդեն ստացել են պատասխաններ», - հավաստիացրեց Գալստյանը:
Հիշեցնենք, 2013թ. նոյեմբերի 27-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն էր տվել Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ամերիկյան Contour Global-ին վաճառելու գործարքին: Վերջինս պատրաստակամություն էր հայտնել ներդնել 180 մլն դոլար: 2010 թվականին KfW գերմանական բանկի տրամադրած 51 մլն եվրոյի վարկն ուղղված է կասկադի արդիականացմանը: Կասկադի հնագույն եւ ամենահզոր՝ Տաթեւի ՀԷԿ-ը, կառուցվել է 1970 թվականին, Շամբի ՀԷԿ-ը՝ 1978-ին, իսկ Սպանդարյան ՀԷԿ-ը՝ 1989 թվականին: