News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, հանձնաժողովի կազմում ընդգրկված ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Օրակարգի համաձայն՝ քաղաքապետարանի  պատասխանատու վարչությունների եւ բաժինների պետերը զեկուցել են 2014 թվականին հատուկ կարիքներով մարդկանց համար իրականացված ծրագրերի մասին:  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սոցիալական,կրթական, առողջապահական եւ այլ ուղղվածության բոլոր ծրագրերում առաջնահերթության կարգով ներառվել են հատուկ կարիքներով անձինք եւ նրանց ընտանիքները, ցուցաբերվել է նյութական, պարենային եւ այլ տեսակի աջակցություն:

Կարեւորագույն բաղադրիչներից է մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով կահավորելու ծրագիրը: Այս տարի համայնքային բյուջեից կրկնապատկվել է գլխավոր ու երկրորդական փողոցներում թեքահարթակների կառուցման համար հատկացված գումարը`կազմելով 40 միլիոն դրամ: Ըստ այդմ, կառուցվել է 671 թեքահարթակ, որոնց գրեթե կեսը` հիմնանորոգված 25 փողոցներում: Շուրջ 300 թեքահարթակ էլ քաղաքապետարանի նախագծերով տեղադրել են մասնավոր ընկերությունները:

Տարվա ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ ու ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրեր են կյանքի կոչվել ներառական կրթություն իրականացնող քաղաքապետարանի ենթակայության թվով 44 դպրոցներում: Կազմակերպվել են նաեւ մշակութային տարաբնույթ միջոցառումներ: Հաշմանդամներին ուղղված սոցիալական կարեւորոգույն նախաձեռնություններից էր  Երեւանի ավագանու որոշմամբ հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը:

Դրան զուգահեռ, ավտոկայանատեղիներում տարածքներ են առանձնացվել հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար: Բացի այդ, մինչեւ տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուսներում, եւս 10-ը`հաջորդ տարի: Թվով 37 ավտոբուսներում էլ կտեղադրվեն կանգառների ազդարարման GPS համակարգեր: ՀՀ ոստիկանության կողմից հետիոտնային բազմաթիվ անցումներ համալրվել են լուսացուցային անցումների ազդանշանային սարքավորումներով: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ վերջին տարիներին համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ շատ արդյունավետ է, ինչի վկայությունը կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են: ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաեւ նոր առաջարկներով, որոնք հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից ընդունվել են ի գիտություն:

Հիմք ընդունելով հաշվետվություն-զեկույցները՝ հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով: Կամո Արեյանը Երեւանի քաղաքապետի անունից  վստահեցրել է, որ 2015 թվականին եւս կշարունակվեն եւ կընդլայնվեն վերը նշված բոլոր ծրագրերը: Հիշեցնենք նաեւ, որ քաղաքաշինական նոր ծրագրերը հաստատվում են   միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված է  լինում հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը:

Տպել
Ամենաշատ