News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաեւ շինարարության ֆիզիկական ծավալի դինամիկան ընթացիկ տարում կայունությամբ չի առանձնացել: Թռիչքներին փոխարինել է անկումը, եւ հակառակը:

Նոյեմբերին, դատելով պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներից, իրավիճակը, կարծես, դեպի լավն է փոխվել. տնտեսության վերոնշյալ երեք ճյուղերում տարեկան կտրվածքով աճ է արձանագրվել: Իհարկե, շինարարության մասով «աճն» արտահայտվել է նրանով, որ անկման տեմպերը որոշակիորեն կանգ են առել: Քանի որ նախնական վիճակագրական տվյալներում ավելի մանրամասն տեղեկություն չկա, դիտարկենք ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերի ցուցանիշները:

Այս ժամանակահատվածում արդյունաբերության զարգացումը լրջորեն արգելակել են երկու ոլորտներ, որոնք գրեթե միանման բարձր տեսակարար կշիռ ունեն ընդհանուր ցուցանիշում (միասին՝ շուրջ 30%): Առաջինը լեռնահանքային արդյունաբերությունն ու բաց հանքերի մշակումն է, որտեղ արտադրանքի ֆիզիկական ծավալի անկումը տարեկան կտրվածքով հասել է 8%-ի: Մասնավորապես, զգալիորեն՝ 9.7%-ով կրճատվել է արտահանվող ապրանքի՝ ցինկի խտանյութի արտադրությունը:

Նվազել են նաեւ շինարարության կամ շինանյութի տեղական արտադրության մեջ օգտագործվող լեռնային մի շարք հանքանյութերի արդյունահանման ծավալները: Այստեղ իր դերն ունեցավ նաեւ հանրապետությունում շինարարության շավալների հերթական կրճատումը (հունվար-նոյեմբերին անկումը հասել է 5.4%):

Ցուցանիշի վրա բացասաբար անդրադարձած երկրորդ ոլորտը էլեկտրաէներգիայի արտադրությունն է: Այստեղ անկումը տարեկան կտրվածքով 2.6% է կազմել: Այդ «մինուսը» կարելի է կապել գազի դիմաց Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումների կրճատման հետ: Այսպես, հունվար-սեպտեմբերի մաքսային տվյալների համաձայն, այդ էներգակրի արտահանումն Իրան կրճատվել է 25%-ով: Մեր հարավային հարեւանը լուծել է էլեկտրաէներգիայի հարցը, եւ հիմա դրա ներմուծման կարիքն այնքան էլ չունի:

Խմիչքի արտադրության ֆիզիկական ծավալը (ընդհանուր ցուցանիշում տեսակարար կշիռը՝ 9.7%) հունվար-հոկտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին: Այս խմբում զգալիորեն՝ 5.6%-ով կրճատվել է կոնյակի արտադրության ծավալը: Հանրապետությունում արտադրվող կոնյակի գերակշիռ մասն արտահանվում է, հիմնականում՝ Ռուսաստան:

Սրան հակառակ, հսկայական՝ 35.2%-ով աճել է ծխախոտի արտադրությունը: Ի տարբերություն կոնյակի, հայրենական ծխախոտն արտահանվում է հիմնականում հեռավոր արտերկիր (Իրաք, ԱՄԷ, Հորդանան եւ այլն), ինչպես նաեւ հարեւան Վրաստան: Հունվար-սեպտեմբերի արդյունքներով, ծխախոտն արտահանվող ապրանքների ծավալներով 5-րդ տեղն է զբաղեցրել: Արտաքին շուկայում այս առաջընթացը կարելի է վերջին տարիներին հայրենական արտադրության հազվագյուտ ձեռքբերումներից համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ