Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7անդամներից 6-ին դաժանաբար սպանելու մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով այսօր՝ հունվարի 14-ին, Գյումրիում ավտոերթ կանցկացվի: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Գայանե Ավետիսյանը, ավտոերթով քաղաքացիները ցանկանում են իրենց պահանջը լսելի դարձնել պատկան մարմինների համար:
Ավտոերթը կմեկնարկի Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասից, այնուհետեւ այն կշարժվի դեպի Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարան, Շիրակի մարզպետարան, Շիրակի մարզի դատախազություն, հնարավոր է նաեւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:
Ավտոերթի մասնակիցների վերջին կանգառը Գյուրմիի Սուրբ Նշան եկեղեցին կլինի, որտեղ կայանալու է Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգիստը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:
Նշենք, որ Ավետիսյանների քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա՝ հունվարի 15-ին ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին։