News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 1999թ Գյումրիում ռուս զինվորականների Դենիս Պոպովի ու Ալեքսանդր Կամենեւի կողմից 10 մարդու վիրավորելու եւ 2 մարդու սպանելու դեպքի մասին:  NEWS.am-ը հարցում էր ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի տեղեկանա, թե քանի տարի էին դատապարտվել ռուս զինվորականները, որտեղ եւ ինչքան են կրել իրենց պատիժը:

Ի պատասխան մեր հարցման՝ հայտնեցին, որ 1999թ դեկտեմբերի 27-ին Գյումրի քաղաքում դատավոր Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ կայացվել է որոշում, ըստ որի՝ Ալեքսանդր Վլադիմիրի Կամենեւի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 15 տարի ազատազրկում, որը կրել է ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ-ի 226-ի 3-րդ մասի Ա եւ Գ, 226-րդ 4-րդ մասի Բ, 115 հոդվածի, 338 հոդվածի 2-րդ մասի, 222 հոդվածի 2-րդ եւ 4-րդ, ՀՀ ՔՕ-ի 222 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 232.1 հոդվածի 3-րդ մասի, 232 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 248 հոդվածի Բ կետի, 15-180 հոդվածի 3-րդ մասի, 15-99 հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերի, 99 հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերի հատկանիշներով:

Իսկ Դենիս Պոպովի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 14 տարի ազատազրկումը, որը նույնպես կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում: Երկուսի դեպքում էլ պատժի սկիզբը սկսել է հաշվարկվել 1999թ ապրիլի 15-ից: Պոպովը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ-ի 226-ի 3-րդ մասի Ա եւ Գ, 226-րդ 4-րդ մասի Բ, 115 հոդվածի, 338 հոդվածի 2-րդ մասի, 222 հոդվածի 2-րդ եւ 4-րդ, ՀՀ ՔՕ-ի 222 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 232.1 հոդվածի 3-րդ մասի, 232 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 248 հոդվածի Բ կետի, 15-180 հոդվածի 3-րդ մասի, 15-99 հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերի հատկանիշներով:

Մենք հարցում ենք ուղարկել նաեւ Քրեակատարողական վարչություն, որպեսզի պարզենք, թե որտեղ եւ ինչքան են պատիժը կրել, արդյոք տեղափոխվել են ՌԴ, թե ոչ: Դրանից բացի՝ Պոպովի եւ Կամենեւի ճակատագրի մասին փորձեցինք տեղեկություն ստանալ նաեւ նրանց փաստաբաններից: Ալեքսանդր Կամենեւի շահերը պաշտպանել է փաստաբան Հենրիկ Մանուկյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ներգրավվել է գործում դատաքննության փուլում եւ քանի որ հետագայում որեւէ բողոքարկում չեղավ՝ տեղյակ չէ, թե որտեղ են կրել պատիժը:

Իսկ Պոպովի փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, դատավճռից հետո որեւէ շփում չի ունեցել Պոպովի հետ, բայց տեղյակ է, որ ՀՀ-ում 2-3 տարի պատիժը կրելուց հետո նրանք տեղափոխվել են ՌԴ, ըստ որում՝ տեղափոխման ծախսերը հոգացել է ռուսական կողմը: «Այն ժամանակ խոսակցություններ կային, որ Պոպովի ազգականը հայտնի պաշտոնյա է՝ գեներալ, ով ամեն ինչ անում է, որ նրան տեղափոխեն ՌԴ: Գիտեմ, որ դատավճռից հետո Պոպովը դիմում էր գրել, որ իրեն տեղափոխեն: Հետո լսեցինք, որ ազատ են արձակվել: Հնարավոր է, որ ՌԴ-ում էլ նրանք օգտվել են վաղաժամկետ ազատ արձակման իրավունքից, հնարավոր է տարածվել են նաեւ այլ միջոցներ՝ համաներում, փաստաթղթեր են հավաքել եւ այլն, բայց թե այնտեղ քանի տարի են ազատազրկված մնացել, չեմ կարող ասել, դա երեւի պետք է ճշտել ռուսական կողմից»,-ասաց փաստաբանը:

Նա դատաքննությունից մի դրվագ հիշեց, երբ Պոպովին իր ծառայակիցները վատ բնութագիր էին ուղարկել եւ անգամ դատավորն էր զարմացել, որովհետեւ պրակտիկայում գրեթե նման դեպքեր չեն լինում, մեղադրյալն էլ հայտարարել էր, թե համաձայն է այդ բնութագրի հետ:

Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ռուս զիվորականները ընդամենը 7-8 տարի են մնացել ազատազրկված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ