News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց ֆրանսիացի գործարարների պատվիրակության հետ, ովքեր Հայաստան են ժամանել Հայ- ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի եւ բրիտանական PMCI  ներդրումային ընկերության հրավերով՝ գործարար միջավայրին եւ իրականացվող խոշոր ծրագրերին ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունը ցանկություն էր հայտնել հանդիպել նաեւ  IDeA հիմնադրամի ղեկավարության հետ՝ հիմնադրամի գործունեությանն ու իրականացվող ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերին ծանոթանալու համար:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»(IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Ա. Գեւորգյանը տեղեկություններ ներկայացրեց IDeA -ի  գործունեության մասին՝ նշելով, որ հիմնադրամն արդեն իրականցրել է ենթակառուցվածքների զարգացման եւ կրթական այնպիսի մասշտաբային ծրագրեր, ինչպիսիք են «ՏաԹեւեր» ճոպանուղու եւ Դիլիջանի քոլեջի նախագծերը:  «Մեր հիմնական նպատակն է երկարաժամկետ ծրագրերի իրականացման միջոցով  նպաստել երկրի անցմանը գոյատեւումից դեպի բարեկեցության, զարգացման փուլ: Մենք իրականացնում ենք հիմնականում երկու տեսակի՝ ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ ծրագրեր, որոնք կարող են նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը»,-նշեց Ա. Գեւորգյանը՝ նկատելով, որ կոնկրետ վայրում խոշոր ծրագրի իրականացումը հանգեցնում է  նաեւ տվյալ տարածաշրջանի զարգացմանը, ինչպես  վերը նշված ծրագրերի դեպքում:

Ըստ Ա. Գեւորգյանի՝ հիմնադրամը կարեւորում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը եւ աջակցում է ՀՀ կառավարությանը՝ այս ոլորտում ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային  բարեփոխումների, մասնավորապես, «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման հարցում: Նա նկատեց, որ Հայաստանում զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման տեսանկյունից կարեւոր նշանակություն կարող է ունենալ ֆրանսիական ընկերությունների հարուստ փորձը, եւ այս ոլորտում արդյունավետ գործակցություն կարող է ծավալվել:

Հայ- ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հաթեմյանը կարեւոր եւ հետաքրքիր համարելով հիմնադրամի աշխատանքը՝  նկատեց, որ զբոսաշրջությունը պալատի գործունեության հիմնական ուղղություններից է, եւ հնարավոր համարեց այս ոլորտում փոքր ծրագրերի իրականացումը:

Ա.  Գեւորգյանն ուշագրավ համարեց զբոսավարների  վերապատրաստման, IDeA հիմնադրամի ծրագրերում ընդգրկված համայնքներում փոքր ծրագրերի իրականացման առաջարկները: Նա նաեւ  պատասխանեց համագործակցության հնարավորությունների մասին հյուրերի հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ