News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Ինչպես հանրության, այնպես էլ նախաքննական մարմնի մոտ Գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով  մի շարք հարցադրումներ կան, որոնք պարզաբանման կարիք ունեն:  Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ռուսական 102-րդ ռազմաբազայից դուրս գալուց հետո: Նշենք, որ Սոնա Տռուզյանը ռազմաբազա էր գնացել ՀՀ եւ ՌԴ ՔԿ ղեկավարներ Աղվան Հովսեփյանի եւ Ալեքսանդր Բաստրիկինի հետ:

«Երկու երկրների իրավազորության ներքո գտնվող քրեական գործերում շատ էր կարեւոր, որպեսզի պատշաճ կերպով ձեռք բերվեն նաեւ ապացույցները, եւ քայլեր ձեռնարկվեն բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, որովհետեւ ինչպես հանրության, այնպես էլ նախաքննական մարմնի մոտ քրեական գործում կան  մի շարք հարցադրումներ, որոնք ենթական են պարզաբանման: Ակնհայտ է, որ լուրջ աշխատանքներ կան անելու քրեական գործով քննության բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ: Որպեսզի կարողանանք պատասխանել հանրությանը հուզող բոլոր հարցադրումներին, այսօր երկու երկրների քննչական կոմիտեների ղեկավարները որոշել են համատեղ եւ փոխգործակցված գործողություններ իրականացնել եւ ստեղծել աշխատանքը կոորդինացնող մարմին»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող՝ ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովի գործը ՀՀ արդարադատությանը հանձնելու վերաբերյալ հարցին Սոնա Տռուզյանը, ըստ էության, չի պատասխանել, միայն ասել է, որ հանձնման ընթացակարգը բոլորովին այլ ընթացակարգ է, եւ այս փուլի խնդիր չէ. « Այս փուլում խնդիր կա դրված, որ երկու երկրների քննչական մարմիննները կարողանան իրենց հարուցած վարույթի շրջանակում քննություն կատարել: Անկախ նրանից, թե որ երկրում կիրականացվի քննությունը, անհրաժեշտություն է առաջանալու մեկ այլ երկրի տարածքում քրեական գործի շահերից բխող գործողություններ կատարել մեկ այլ երկրի տարածքում, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր, որպեսզի մեր իրավապահ մարմինները, եւ ռուսական կողմը կարողանան լիարժեք քննություն իրականացնել»: 

Սոնա Տռուզյանը հրաժարվեց պատասխանել, թե կոնկրետ ՀՀ, թե ՌԴ արդարադատության առջեւ է կանգնելու մեղադրյալը՝  նշելով, որ այս փուլում դեռեւս այդ հարցին պատասխանել չի կարող: Նրա խոսքով՝ Աղվան Հովսեփյանը հրավիրել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի կարողանան նրա հետ քննարկել մեր կողմին հուզող բոլոր հարցերը՝ մասնավորապես որպեսզի մեր քննիչները եւս կարողանան լիարժեք քննություն իրականացնել: Բացի դրանից, ըստ Սոնա Տռուզյանի, այստեղ երկկողմանի շահագրգռվածություն կա, քանի որ ռուսական կողմը նույնպես ունի լիարժեք քննություն իրականացնելու անհրաժեշտություն:

Սոնա Տռուզյանը խոստացավ ձեռք բերված ապացույցների վերաբերյալ հետագայում հայտարարություն տարածել:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ