Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանում մի շարք ՏՏ-ապրանքների եւ սարքավորումների մաքսատուրքերը նույնիսկ կնվազեն: Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE)՝ հունվարի 23-ին կազմակերպած «Եվրասիական միություն. հնարավորություններ եւ խնդիրներ» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Ֆինանսների նախարարության մաքսային վերահսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը:
«Այդ ապրանքների անվանացանկը, իհարկե, բավական ընդարձակ է: Դրանց մի մասի դեպքում մաքսատուրքը կմնա նույնը, իսկ որոշներինը նույնիսկ կհասնի զրոյի՝ հայկական 10%-ի պարագայում: Օրինակ՝ օդորակիչների. նախկինում ներկրման ժամանակ հարկավոր էր վճարել դրանց արժեքի 32%-ը (մաքսավճարի եւ ԱԱՀ-ի ընդհանուր տոկոսները - խմբ.), իսկ հիմա սահմանին վճարը զրոյական կլինի»,- հավելեց Սաղոյանը: