Հակառակորդի դիվերսիոն հարձակումները կապ չունեն Գյումրիում տեղի ունեցած դեպքի հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարը համաձայն է վարկածի հետ, թե դիվերսիոն աննախադեպ հարձակումները կապ ունեն Ավետիսյանների սպանության հետ:
«Համոզված եմ, որ հակառակորդը կարող է ցանկացած իրավիճակից օգտվել եւ ցանկացած գործողություն իրականացնել, սակայն գնահատելով այսօր տիրող ռազմաքաղաքական իրադրությունը՝ չեմ կապում սա Գյումրիի դեպքերի հետ: Նրանք իրենց գործելաոճով փորձում են լարվածության աստիճանը բարձրացնել»,- ասաց նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը: