News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ հոխորտանքի յուրաքանչյուր դրսեւորման: Այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ գալուստ Սահակյանը՝ հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունելով մի խումբ զինծառայողների:

Շնորհավորելով Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ՝ ԱԺ նախագահն ասել է. «Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ՝ արձանագրելով մեծ հաջողություններ ու, ցավոք, նաեւ ծանր կորուստներ: Բազմիցս եմ ասել, որ հայկական ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը հենց հայոց բանակն է, իսկ երիտասարդները՝  մեր երկրի ապագան կերտողները: Ինչպես բազմաթիվ առիթներով համոզվել ենք, այս 23 տարիների ընթացքում մեր բանակը կանգնած է ամուր, այն հաղթած ու հաղթող բանակ է, ինչի վառ վկայությունն է մեր բանակի հաղթանակներով լեցուն մարտական ուղին»:

Ըստ Սահակյանի, հայկական բանակի տոնին նախորդող օրերն առաջին գծի զինվորական հենակետերում լարված էին, եւ, ցավոք, դեռեւս շարունակում է պահպանվել լարվածությունը: «Բոլորս գիտենք լարվածության հիմնական մեղավորին` մեր հակառակորդ պետության բարձրագույն իշխանությանը, որին թվում է, թե իր դիվերսիոն կամ այլ նենգ գործողություններով կկարողանա արդյունքի հասնել: Ինչպես համոզվեցինք այս մի քանի օրերի ընթացքում, Ադրբեջանի ղեկավարության անառողջ երեւակայությունը չի կարող գրանցել որեւէ դրական արդյունք. դրանք սոսկ հետեւանքներ են, որի ծանրությունը զգում է յուրաքանչյուր ադրբեջանցի՝ ունենալով մարդկային կորուստներ:»,- ասել է Սահակյանը եւ հավելել. «Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ նման հոխորտանքի յուրաքանչյուր դրսեւորման: Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը»:

Ազգային ժողովի նախագահը ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին: Մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պատվոգրերով եւ հուշանվեր-անվանական ժամացույցներով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել Ազգային ժողովի նախագահին եւ պատգամավորներին՝  բանակը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ բանակին աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ