Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն իր նախկին ընկերությունում աշխատում է «Անձնական գործակալ» ծածկագրային անվանումով նախագծի ուղղությամբ: Այս մասին նա պատմել է Reddit ծառայության օգտատերերի հետ առցանց զրույցի ժամանակ:
«Նախագծերից մեկը, որի ուղղությամբ ես աշխատում եմ Microsoft-ում, «Անձնական գործակալ»-ն է, որը հիշում է ամեն ինչ եւ օգնում է մեզ վերադառնալ ու որեւէ բան գտնել կամ հիշեցնում է որեւէ կարեւոր բանի մասին»,- ասել է Գեյթսը:
Ըստ The Verge տեխնոբլոգի, խորհրդավոր արտադրանքը կարող է նախատեսված լինել Cortana վիտուալ ձայնային օգնականի համար, որը Microsoft-ը վերջերս ներկայացրել է Windows 10 օպերացիոն նոր համակարգի հետ միասին: Մեկ այլ ենթադրության համաձայն, «Անձնական գործակալը» կարող է օգտագործվել Office-ի հետ աշխատանքում: