News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեզ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այստեղ եւ ձեզանից վարակվել հայրենասիրությամբ, եւս մեկ անգամ գիտակցել, որ հայրենիքը սկսվում է սահմանից: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում զորամասերից մեկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Եվս մեկ անգամ գիտակցել, որ մենք Երեւանում սխալվելու իրավունք չունենք, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք մեր երազանքների Հայաստանին: Իսկ մեր երազանքների Հայաստանն այն Հայաստանն է, որը տոգորված է անկախության գաղափարով, որտեղ կա երկու ճշմարտություն՝ Աստված եւ հայրենիք, որտեղ կա գիտակցում, որ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ եւ կործանվում դրա պակասից, որտեղ կա գիտակցում, որ հայրենասիրություն ոչ թե խոսք է, այլ հստակ իրականացված աշխատանք եւ գործ, որտեղ կա գիտակցում, որ յուրաքանչյուր զինվոր բոլորիս զավակն ու եղբայրն է»,-  նշել է նա:

Շարմազանովը շեշտել է, որ ինքը հպարտ է այն հայրենակիցներով, որոնք ապրում են սահմանամերձ բնակավայրերում: «Մենք հպարտ ենք նաեւ ձեր ծնողներով, որ մեր ազգին տվել են ձեզ նման փառապանծ զինվորներ: Մենք աղոթում ենք ձեզ համար, մենք համոզված ենք, որ դուք պատվով կկատարեք ձեզ վրա դրված պարտավորությունները, եւ, այո, ունենք այն գիտակցումը, որ մեր ընտանիքները, մեր երեխաները, հայ ժողովուրդը հանգիստ քնում են, դա նախ ձեր շնորհքն է: Դա նախեւառաջ ձեր իրականացրած ծառայության արդյունքն է: Փառք ձեզ, փառք ձեր ծնողներին, փառք ձեր հրամանատարներին, փառք մեր հայությանը: Մենք պետք է գիտակցենք, որ մեր այն երջանիկ սերունդն ենք, որ ապրում ու արարում ենք անկախ Հայաստանում: Մենք այն երջանիկ սերունդն ենք, որի զավակները ծառայում են հայոց անկախ բանակում: Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ հաղթել է պատերազմում եւ այսօր էլ, չնայած հակառակորդի, թշնամու վախկոտ կեցվածքին, պատվով կատարում ենք մեր աշխատանքը, մեր ծառայությունը, մեր սրբազան պարտքը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն իր ելույթն ավարտեց Գարեգին Նժդեհի խոսքերով. «Մուրացկանին չեն տալիս անկելանոց, մուրացկանին չեն տալիս անկախ հայրենիք, մուրացկանին չի կարող լինել անկախ հայրենիք: Անկախ հայրենիքը դա հզորների գործն է, դա հզորների շնորհն է, եւ մենք ունենք մի ճանապարհ՝ լինել միասնական, ուժեղ, էլի ուժեղ եւ միշտ ուժեղ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ