News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանի հյուսիսային դարպասը հարավայինին կապող ռազմավարական մեծ նշանակությամբ ավտոճանապարհի Երեւան-Արտաշատ, Երեւան-Աշտարակ հատվածի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկն արդեն ամբողջությամբ պատրաստ է:

Տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ սա «Հյուսիս-հարավ» հսկայի 4 մասերից՝ տրանշներից առաջինն է: Այստեղ, իհարկե, դեռ կիսատ մնացած աշխատանքներ կան՝ մասնավորապես Մարմարաշեն եւ Բուրաստան համայնքների համար կկառուցվեն վերգետնյա անցումներ. նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կմեկնարկեն համապատասխան մրցույթները: Արդիականացվելու են նաեւ առկա անցումները՝ համապատասխանեցնելով առաջին դասի ճանապարհի պահանջներին:

Այս տարվա ավարտին տրանշ մեկը լիարժեք շահագործման կհանձնվի երթեւեկության համար՝ ներառյալ արհեստական կառույցները:

Տրանշ 1-ի աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար «Կորսան Կորվիամ» իսպանական շինարարական ընկերության հետ կնքվել է 70.4 մլն. դոլարի պայմանագիր. այս պահին իրականացվել է 47 մլն դոլարի աշխատանք: Առաջիկայում երթեւեկությունը կտեղափոխվի աջակողմյան հատված՝ ճանապարհի ձախ մասում կահավորման, ինչպես նաեւ նկատված թերությունների վերացման եւ որոշ աշխատանքների վերակատարումն իրականացնելու նպատակով:

Աշտարակ-Թալին: Սա ճանապարհային միջանցքի  2-րդ տրանշն է: Երկարությունը 42 կմ: Հայտնի է, որ այս հատվածով է անցել ավելի քան 7 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող Մետաքսի ճանապարհը։ Այս տարածքում հայկական հնագույն քաղաքներ են եղել. փաստում են հայ հնագետները, ովքեր 2013-ից այստեղ պեղումներ են իրականացնում։ Աշխատանքները կատարվում են «Հյուսիս-հարավ» ծրագրի ֆինանսավորմամբ. նոր ճանապարհը չպետք է հաստ բետոնե շերտի տակ թողնի պատմական փաստացի ապացույցները. սա ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է.

Վերադառնալով տրանշ 2-ին նշենք, որ բետոնե ծածկի փռման աշխատանքները կմեկնարկեն եղանակների տաքանալուն պես. ճանապարհը պատրաստ կլինի 2017-ի սկզբում: Այս հատվածի շինարարական աշխատանքների պայմանագրային գինը կազմել է 179.6 մլն ԱՄՆ դոլար, որից այս պահին տրամադրվել է 18 մլն-ը:

Տրանշ 1-ի եւ 2-ի համար, «Հյուսիս-հարավի» մեկնարկի սկզբից, գումարային տեսքով իրականացվել է 65 մլն ԱՄՆ դոլարի աշխատանք:

Շուտով կհայտարարվեն մրցույթներ տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքներն իրականացնելու համար: Համապատասխանաբար շուրջ 18.7 եւ 27.5 կմ երկարությամբ ճանապարհների նախագծերն արդեն կան, տրվել է նաեւ համալիր փորձաքննության եզրակացությունը:

Կառավարությունը եւս արել է իր առաջարկությունները: Այս պահին վերջնականացման փուլում են մրցութային փաստաթղթերը, որ ներկայացվելու են ծրագրի համաֆինանսավորողներ Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի հաստատմանը, ինչպես նաեւ հրապարակվելու են համապատասխան կայքերում եւ միջազգային բիզնես ամսագրերում. «Ակնկալում ենք տեղական, միջազգային ընկերությունների արձագանքը, որոնք կունենան համապատասխան տեխնիկական հզորություններ համապատասխան մրցութային փաստաթղթերի: Եվ ունենալով արդեն հաղթող կազմակերպություն, կմեկնարկեն նաեւ այդ տրանշի շինաշխատանքները»,- տեղեկացրեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Տրանշ 4-ի՝ Արտաշատ-Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ուղղությամբ եւս ակտիվ աշխատանքներ են ընթանում: Վերջնական տեսքի է բերվում նախագիծը, կատարվում են ուսումնասիրություններ: Այս հատվածում առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախատեսվում է կառուցել ճանապարհային թունել: Երկարությունը՝ 4.7 կմ, կառուցման վայրը՝ Քաջարանից Մեղրի տանող հատվածում՝ 2400 մ բարձրությամբ լեռան ստորոտում: Ի դեպ, հենց այդ լեռան վրայով է անցնում ներկայիս ճանապարհը:

«Հյուսիս-հարավ» ծրագրի ավարտը նախանշված է 2019-ին, սակայն ծրագիրն արդեն լայնացնում է իր աշխարհագրությունը՝ դուրս գալով Հայաստանի Հանրապետության սահմաններից եւ ծրագրի հիմնական նպատակը՝ դառնալ տարածաշրջանային ռազմավարական եւ տնտեսական շահավետ տարանցիկ գոտի՝ արդեն իսկ ուրվագծվում է. հարավից իրանական կողմն է պատրաստ ներդրումներ անել, հյուսիսից՝ վրացական կառավարությունն է արդեն իսկ գործնական քայլեր կատարել:

Հյուսիսից հարավ գնացող առաջին կարգի բետոնապատ մայրուղին մի մասն է այն հեռանկարի, որտեղ ավտոմոբիլային ճանապարհով իրար են կապվում արեւմուտքն ու արեւելքը` Հայաստանը հյուսիսից միացնելով դեպի Սեւ ծով տանող միջպետական ճանապարհներին, հարավից՝ դեպի Ասիական տնտեսական եւ առեւտրային կենտրոններ ձգվող մայրուղիներին: Հայաստանը հանդես կգա նաեւ որպես տրանզիտ երկիր՝ նոր հնարավորություններ բացելով բեռնափոխադրողների եւ բիզնես ծրագրերով հետաքրքրվողների համար, իսկ զբոսաշրջիկների անվտանգ ու բացահայտումներով լի ճանապարհորդության երբեմնի երազանքն արդեն թանձրանում է իրականության պատկերներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ