News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Իրենց աշխատավարձի պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ, որոնց օրեր առաջ կառավարությունը խոստացել էր մինչեւ այսօր՝ փետրվարի 20-ը, աշխատավարձերի մարման ժամանակացույց սահմանել եւ այն ներկայացնել իրենց, հավաքվել են  կառավարության շենքի մոտ եւ պահանջում են խոստացված պատասխանը:

«Պահանջում ենք, որ աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց ներկայացվի: Ակնկալում ենք, որ կլինի 6-ամսյա ժամանակացույց, բայց եթե դա մի երկու ամիս ավելի երկար լինի, վստահ ենք, որ ժողովուրդը չի ասելու՝ մնում ենք փողոցում: Մարդիկ այս պահին ոչ թե խեղդում են, ստիպում են, պարտադրում են, այլ ուզում են հստակություն, որ ասվի՝ այսպիսի ժամանակահատվածում աշխատավարձերը կվճարվեն: Մենք այս քայլին գնացել ենք հստակ հասկանալով, որ միանվագ այդքան գումար վճարել կառավարությունն ուղղակի չի կարող»,- NEWS.am-ին ասաց գործարանի մամուլի  քարտուղար Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ եթե իրենք այսօր պատասխան չստանան, կշարունակեն ամենօրյա բողոքի ակցիաները:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ կառավարության մոտ են բերել «Մի բռնաբարեք ՀՀ օրենքները», «Տվեք մեր փողերը եւ վերջ», «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» գրությամբ պաստառներ, նրանք վանկարկում են «պարտքի մարում»:

Ցուցարարները մինչեւ ժամը 13:00-ն պատրաստվում են սպասել կառավարության պատասխանին, որի չլինելու դեպքում կշարժվեն դեպի նախագահական նստավայր:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ