News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Գայի պողոտա 27 հասցեում տեղադրված հուշաքարն այսուհետ կհուշի՝ այդ շենքում ապրել է  հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը: 55 տարեկանում մահացած ճանաչված թարգմանչի ծծնդյան տարեդարձի օրը՝ այսօր՝ փետրվարի 25-ին, նրա ընկերների եւ հարազատների ներկայությամբ պաշտոնապես բացվեց հուշատախտակը:

«Սամվելի թողած ժառանգությունն անանցողիկ, մեծ ու տարողունակ է թե լեզվի, թե թարգմանչական սկզբունքների տեսակետից։ Ու եթե անգամ Սամվելը միայն Ջոյսի «Ուլիսեսը» թարգմանած լիներ, բավական է, որ նրա մասին մենք խոսեինք: Սամվելի միակ շահը հայերենն էր, գրականությունն էր, իր թարգմանություններն էին»,- հուշատախտակի բացման արարողությանն ասաց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:

Հուշատախտակը տեղադրելու գաղափարը եղել է Սամվել Մկրտչյանի ընտանիքինը, որի վիշտը նրա մահվանից երկու ամիս անց դեռ թարմ է։

«Չեմ պատկերացրել, որ կարող եմ մի օր Սամվելի մասին խոսել անցյալ ժամանակով: Ինձ համար սարսափելի դժվար է, դա այնպիսի ցավ է, որ ամեն րոպե, ամեն ժամ խորանում է: Ինձ համար քիչ մեծություններ են եղել, որոնց առջեւ ես պատրաստ եմ գլուխ խոնարհել: Դա եղել է Հրանտ Մաթեւոյանը, Լեւոն Խեչոյանը, եւ դա իմ Սամվել Մկրտչյանն էր: Ես մի բանով եմ ինձ մխիթարել, որ Սամվելն ապրեց այնպես, ինչպես ցանկացավ: Նա երբեք ոչ մի պայմանականությունների չենթարկվեց, մնաց ազնիվ, անկաշառ, իր խղճի հետ միշտ մաքուր»,- լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը հիշում է մի առիթով ամուսնու խոսքերից մեկը, որը նրա հիշատակին տպագրված՝ «Արտգրականություն» խորագրով լավագույն թարգմանությունների ժողովածուի առաջին էջում է. «2002թ. Հրանտ Մաթեւոսյանն ինձ ու Սամվելին խնդրեց իր հետ գնալ Ամբերդ: Այդտեղ Սամվելը հարցրեց՝ վարպետ, դու ինչի՞ չես գրում Ցեղասպանության մասին, ասեց՝ դա սարսափելի է, դրա մասին չեմ կարող գրել: Հետո եկանք տուն, Սամվելը մի թղթի վրա գրեց՝ սեփական մահը նկարագրելու համար մարդ պիտի իրեն առողջ զգա, սեփական չարորակ ուռուցքը նկարագրելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ առողջ լինել»:

Սամվել Մկրտչյանի հիշատակին շուտով հուշատախտակ կտեղադրվի նաեւ Գյումրիում՝ նրա տան պատին:

Հիշեցնենք, որ հայտնի թարգմանիչը մահացել է 2014թ. դեկտեմբերի 7-ին:

Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959թ. Թալինում։ Նա ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002թ. եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիր: 1995թ. եղել է Հայաստանի գրողների միության անդամ: «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։

Տպել
Ամենաշատ