News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինչ-որ տեղ քրիստոնյաներին սպանում են ընդամենը կրծքին խաչ կրելու կամ Ավետարանի համար: Իսկ սպանելով՝ չեն հարցնում, նրանք անգլիկան են, լյութերական, թե՞ ուղղափառ կամ կաթոլիկ: Հռոմի Ֆրանցիսկոս I Պապի այս խոսքերն է մեջբերում Քրիստոֆեր Հաուսը The Telegraph-ում հրապարակված իր հոդվածում, որը նվիրված է հայ սուրբ եւ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն, որը վերջերս կաթոլիկ եկեղեցու դոկտորների շարքին է դասվել: Հեղինակը գրում է.

«Իմ գրադարակում գիրք է մնացել, որը չեմ կարող կարդալ: Այն հայերեն է, իսկ չեմ տարբերում այդ արտասովոր այբուբենի զարդարուն տառերը: Ասում են՝ Բայրոնն այդ հարցում առաջընթաց է ունեցել. նա լեզուն սովորել է 1816 թվականին, այն վանքում, որտեղ տրագրվել է այդ գիրքը: Նա սովորել է Վենետիկի սուրբ Լազար կղզու վանքում: Հայ վանականները նրան հյուրընկալել են 1717 թվականին: Այն հիմնել է Սեբաստիայից Մխիթարը, որի անունով էլ նրանք սկսել են կոչվել մխիթարականներ: Նրանք հայ կաթոլիկներ են եղել, այսինքն՝ ընդունել են Հռոմի Պապի հոգեւոր գերակայությունը:

Հայերի մեծ մասը հայկական լուսավորչական եկեղեցու հետեւորդ են: Նրանք հաճույքով կպատմեն, թե ինչպես է իրենց երկիրը 301 թվականին առաջինը որպես պետական կրոն ընդունել քրիստոնեությունը՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհիվ: Հայաստանը՝ իր հնդեվրոպական լեզվով, որն անճանաչելի է, բայց ազգակից է մեր լեզվին, իրավամբ հպարտանում է իր ժառանգությամբ: Բայց վերջին մի քանի դարերի ընթացքում այն դժվարին է եղել, եթե չասենք ավելին: Ես հայերի մասին մտածեցի, երբ օրերս Քենսինգթոնում հայկական եկեղեցի հայտնաբերեցի: Սուրբ Սարգիս տաճարը կարմիր աղյուսներից տների ֆոնին ճերմակին էր տալիս: Այն կառուցվել է 1922 թվականին, բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծնողների հիշատակին:

Ուելսի արքայազնը մի քանի շաբաթ առաջ Սուրբ Եղիշե տաճարում այցելել է հայ համայնքին՝ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ճակատագրի ուղղությամբ ուշադրություն հրավիրելու համար: Նա հիշատակել է անցյալ տարվա նոյեմբերին Սիրիայի Դեր Զորում իսլամականների կողմից հայկական եկեղեցու եւ սրբավայրի ոչնչացումը: Եկեղեցին կառուցվել է՝ ի հիշատակ 1910-ական թվականներին Թուրքիայից փախած եւ այստեղ զոհված հազարավոր հայերի:

Այդ մտքերով տարված՝ տեղեկացա, որ մեկ շաբաթ առաջ Հռոմի Ֆրանցիսկոս I Պապը հայ մեծագույն սուրբ Գրիգոր Նարեկացուն եկեղեցու դոկտորների շարքին է դասել: Այդ կոչումը հաճախ չի տրվում. Նարեկացուց բացի, նրանց թիվը պատմության մեջ 35-ն է:

Սուրբ Գրիգորը (950-1003) վանական է եղել ներկայում Թուրքիայի տարածքում գտվող Վանա լճից ոչ հեռու, Նարեկավանքում: Գրեթե հազար տարի անց հայկական ոճով սրածայր գմբեթներով հիասքանչ վանքը ոչնչացվել է, իսկ այնտեղ ապրող հայերը՝ սպանվել:

Գրիգոր Նարեկացու ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Մատյան ողբերգությանը», կարծես հիշատակում է այդ ողբերգությունն ու նահատակներին՝ Հայաստանի պատմության չսպիացող վերքը:

Անցյալ տարի Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ եւ խոսել նահատակության մասին՝ որպես Եկեղեցու միավորման նշան: Իսկ դեռեւս դրանից առաջ նա նշել է. «Ինչ-որ տեղ քրիստոնյաներին սպանում են ընդամենը կրծքին խաչ կրելու կամ Ավետարանի համար: Իսկ սպանելով՝ չեն հարցնում, նրանք անգլիկան են, լյութերական, թե՞ ուղղափառ կամ կաթոլիկ»:

451 թվականին Հայկական եկեղեցու ուսմունքը կեղծ հռչակվեց, որը պնդում էր Քրիստոսի երկակի՝ Աստծո եւ մարդու բնույթի մասին: Գուցե իրականում պատճառն այլ է… Ինչ էլ լինի՝ կաթոլիկ եկեղեցու կողմից Սուրբ Գրիգորի եւ հայկական այլ սրբերի ճանաչումը ցույց է տալիս, որ հավատքը մեկն է: Նարեկացուն եկեղեցու դոկտոր հռչակելը հաստատում է այդ միասնությունը: Եվ այս դաժան ժամանակներում Արեւելքի քրիստոնյաները միասնականության ոգու կարիքն ունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ