News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանն ինչպես ռևերանսներ չէր անում, ձևեր չէր թափում կյանքում, նույնը գրականության մեջ էր: Այս մասին այսօր` մարտի 5-ին, լրագրողներին ասաց «Գարուն» ամսագրում Վազգեն Սարգսյանի հետ աշխատած դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

«Նրա լավագույն ստեղծագործությունները, որոնք սովորական գյուղացու կյանքի, հոգսերի, երկրի խնդիրների ու ցավերի մասին էին, տպագրվել են «Գարուն» ամսագրում: Երբ նա խմբագրությունում էր լինում, աշխատանքը կաթվածահար էր լինում: Նա այնպիսի աշխուժություն էր իր հետ բերում, որ հենց մտնում էր ներս, բոլորս սկսում էինք նրանով տարվել: Իսկ երբ դուրս էր գալիս խմբագրությունից, դասավորած թղթերը մի հատ էլ խառնում, նոր գնում  էր»,- հիշեց տիկին Խոդիկյանը:

Կարինե Խոդիկյանը պատմեց, որ երբ զորահավաք էր սկսվել և տղաներին անգամ փողոցից էին տանում պատերազմ, Վազգեն Սարգսյանն ասում էր, որ բոլորը փախչում են, չեն ուզում հայրենիքը պաշտպանել` առանց մտահոգվելու, թե իրենց  փոխարեն այդ գործն ո՞վ պետք է անի. « Վազգեն Սարգսյանը մի օր ինձ ասաց, որ երբեք չէր կարող պատկերացնել`   վարչապետի աշխատանքն այսքան դժվար է: Նա ասում էր՝ Կարինե, երբ պաշտպանության նախարար էի և ինչ-որ բան էր պետք լինում, միայն պահանջում էի, որ լուծեն դրանք: Իսկ հիմա վարչապետ եմ և բոլորն ինձանից են պահանջում: Ես սարսափում եմ գիշերից, քանի որ չեմ կարողանում գոնե մեկ կամ երկու ժամ առանց  խնդիրների մասին մտածելու գլուխս բարձին դնել: Քնաբեր խմելով` փորձում եմ գոնե մեկ ժամ հանգստանալ և չմտածել մեր երկրի խնդիրների մասին»,-հիշեց Կարինե Խոդիկյանը:

Տիկին Կարինեն հիշեց նաեւ, թե ինչպես էր Վազգեն Սարգսյանն արձագանքել իր մահվան մասին տարածված ապատեղեկատվությանը. «90-ականներին լուր տարածվեց, որ Վազգենը մահացել է: Այն ժամանակ բջջային հեռախոս չկար, բայց նա  մի մեծ ռադիոհեռախոս ուներ, զանգեցի, և ըստ երևույթին մի հազար հոգի արդեն զանգել էր, միանգամից ասաց. «Սաղ եմ, սաղ եմ, ձեզ ըտենց բախտ որտեղի՞ց»,-ասաց Խոդիկյանը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշեց, որ Վազգեն Սարգսյանը  և տաղանդավոր քաղաքական գործիչ  էր, և տաղանդավոր գրող:

«Վազգենը փայլուն արձակագիր էր, այդ մասին է վկայում նրա «Հայի փորձությունը»  ստեղծագործությունը:  Նա պարզ թվացող մարդ էր, բայց նաև շատ բարդ խորք ուներ, որը պետք է ընդունվեր, բայց չընդունվեց:  Փաստ է, որ նա  բնավորությամբ եզակի մարդ էր, ով կարողացավ այդ դժվար պայմաններում բանակ ստեղծել:  Հրաշալի հրամանատար էր, ով մարդկանց իրեն էր ենթարկեցնում  կառուցիկ խստությամբ, այլ ոչ թե հրամաններ տալով»,-ասաց Միլիտոնյանը:

Նշենք, որ այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ