News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից կարեւորել բարձր մակարդակի փոխայցելությունները:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են, երկու երկրների մայրաքաղաքներում գործում են դիվանագիտական ներկայացուցչություններ, պարբերաբար կայանում են բարձր մակարդակի փոխայցելություններ: Նախագահի համոզմամբ, չնայած այս ամենին, տնտեսական ոլորտում հայ-լիտվական համագործակցության մեծ ներուժը դեռեւս լիարժեքորեն օգտագործված չէ, ինչի համար անհրաժեշտ է զգալի աշխատանք իրականացնել իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ: Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի եւ Լիտվայի արդարադատության նախարարությունների միջեւ փոխգործակցությունը եւ ողջունել նախարար Բեռնատոնիսի այցի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը:

Հանդիպման ընթացքում նախագահը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը, Սերժ Սարգսյանի խոսքով, վկայում է համամարդկային արժեքներին Լիտվայի խորհրդարանականների նվիրվածության մասին:

Արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը կարեւորել է երեւանյան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները, ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված զարգացնել երկկողմ հարաբերությունները: Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանին Արեւելյան գործընկերությունում, նախարարը շեշտել է, որ Լիտվան, որպես բարեկամ երկիր եւ գործընկեր, պատրաստակամ է օժանդակել Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ