Ամոթ է նույնիսկ քննարկելի Պերմյակովի վերաբերյալ բանաձեւի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ մտցնելու հարցը: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած բանաձեւի նախագիծը, որը վերաբերում է Պերմյակովին Հայաստանին փոխանցելու պահանջին:
«Այստեղ անգամ քննարկելն է ամոթ, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը, ինձ թվում է, նույնպես ուզում է, որ հարցը հնչի բարձր մակարդակով, իսկ մենք շատ հստակ հանդես եկանք որպես պահանջող կողմ: Նման հարցում, ուղղակի անհարմար է բաժանարար գծեր քաշել»,-ասել է Քոքոբելյանը:
Հիշեցնենք, որ բանաձեւի նախագծում Փոստանջյանը կոչ է անում խորհրդարանին ռուսական կողմից պահանջել հայ իրավապահներին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: