News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 26-ին, այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին:

ՀՀ նախագահն այնուհետեւ Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ:

Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահին եւ ընդգծել, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի եւ լավ գործընկեր, որի հետ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: Նա կարեւորել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան եւ դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունները, որոնք, Ճանգ Դըծյանի համոզմամբ, նոր խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացման եւ հայ-չինական կապերի առավել սերտացման գործում Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը. երկու երկրների խորհրդարանները, ըստ նրա, օրենսդրորեն ամրապնդելով նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունները, զգալիորեն կնպաստեն քաղաքական երկխոսության զարգացմանը: Ճանգ Դըծյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ազգային ժողովի հետ ձեւավորված փոխգործակցության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար եւ նշել, որ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարեւոր առաջնորդություններից մեկը եւ մեծ նշանակություն է տալիս աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող ու միջազգային հանրության ազդեցիկ անդամ Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, անցած տարիների ընթացքում միջազգային կառույցների շրջանակներում հաջող համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունն ամրապնդել են հայ-չինական բարեկամությունն ու վստահությունը: Հանդիպմանը կարեւորվել է նաեւ տարեցտարի զարգացող միջկուսակցական համագործակցությունը:

ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող Կայսերական ամառային պալատում, որտեղ լավագույնս արտացոլված է չինական հարուստ մշակույթն իր բազմազանությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինում հանդիպում կունենա նաեւ ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ