News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում: Հանրապետության նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը: Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդների ներկա եւ ապագա հաջողությունների եւ բարօրության գրավականը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատեւ ուշադրությունն է»,-գրել է ՀՀ նախագահը:

Պեկինի համալսարանում այնուհետեւ կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հայաստանի Նախագահին հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ջերմ հյուրընկալության ու իրեն նման պատվավոր կոչման արժանացնելու համար եւ իր ելույթում ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները:

Նախագահն անդրադարձել է նաեւ հայ-չինական դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակին եւ երկկողմ կապերի առավել խորացման ու ամրապնդման հեռանկարին, տեղեկացրել իր պետական այցի արդյունքների մասին:

Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության զարգացման ընթացքին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ներառելով նոր ոլորտներ, ինչը վկայում է փոխադարձ շահագրգռվածության մասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ այդ փաստն արձանագրվել է իր եւ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի կողմից ստորագրված բարեկամության, համագործակցության եւ գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին համատեղ հռչակագրում:

Նախագահի խոսքով՝ այդ կարեւորագույն փաստաթղթով երկու երկրները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու ավանդական բարեկամությունը, ակտիվացնելու բարձր մակարդակի փոխադարձ շփումները եւ ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ համագործակցությունը տնտեսության, առեւտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության բնագավառներում: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը եւ Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ:

«Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է երկու աշխարհների՝ Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանագծին, ինչը հայ ժողովրդին ընկալելի է դարձրել թե´ Եվրոպայի եւ թե´ Ասիայի համար: Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Չինաստանի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է իր պատմական եւ քաղաքակրթական հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Միեւնույն ժամանակ ձեր երկիրը ծառայում է որպես օրինակ այնպիսի պետության, որը, բարեփոխումների եւ զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհն առաջնորդող պետությունների շարքում:

Այսօր ՉԺՀ-ն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության արդի զարգացումներին՝ մեծապես նպաստելով գլոբալ խաղաղության ու անվտանգության ապահովմանը: Մենք կարեւորում ենք նաեւ Չինաստանի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներին:

Չինաստանը մեծ երկիր է, որն ուրիշ ժողովուրդների հետ իր հարաբերությունները միշտ զարգացրել է իրավահավասարության եւ փոխշահավետության սկզբունքների հիման վրա: ՉԺՀ-ի հետ իրականացվող համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում թե´ ծավալային եւ թե´ բովանդակային առումով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Անցած տարիների ընթացքում մենք զգացել ենք ՉԺՀ կառավարության եւ ժողովրդի համակողմանի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները, նպաստում մեր պետության զարգացմանը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է խոսել Չինաստան իր պետական այցի ընթացքում ունեցած կառուցողական հանդիպումների եւ քննարկումների արդյունքների մասին:

«Հայաստանը ողջունել է Չինաստանի նախագահ պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձեւավորելու վերաբերյալ գաղափարը: Դեռեւս Հին Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայկական արտադրանքն ու ապրանքները հայտնի էին չինական շուկաներում, իսկ հայ առեւտրականների նավերը հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներ, մասնավորապես Հոնգկոնգ: Հուսով եմ, որ մեր օրերի Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը կլինի մեկն այն նախագծերից, որ կոչված են նպաստելու նշյալ տնտեսական գաղափարի իրականացմանը:

Այս առումով Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում: Այն կապահովի տարածաշրջանի համաչափ զարգացումը, ինչը լիովին համահունչ է Չինաստանի «խաղաղություն հանուն զարգացման» կարգախոսին: Միեւնույն ժամանակ այն կապահովի չինական կողմի գործուն ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ զարկ կտա Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին:

Մեր երկու պետությունները մտադիր են նաեւ ընդլայնել կապերը մեր ժողովուրդների միջեւ, մասնավորապես՝ հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ավելի լավ եւ մոտիկից ճանաչել իրար: Դրան միտված կլինի Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղղակի ավիահաղորդակցության հաստատումը, որի հարցով պետք է զբաղվեն մեր երկրների համապատասխան գերատեսչություններն ու ձեռնարկությունները»,-ասել է Հայաստանի Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է փոխադարձ վստահության եւ շահերի, ինչպես նաեւ համատեղ պատասխանատվության ու պարտավորությունների հիման վրա կառուցվող Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության եւ տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ նման գործելաոճով հարաբերություններ կառուցելու եւ ամրապնդելու համար:

Նախագահը խոսել է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, 2015թ. նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի եւ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինից մեկնել է Սանյա` մասնակցելու Բոաոյի տարեկան համաժողովին, որտեղ եւս Հայաստանի Նախագահը ելույթ կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ