News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը եւ ներդրումային ծրագրերին:

2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում ծրագրվում է թռչնամսի արտադրական ծավալները հասցնել 4 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի 30 տոկոսով: Արտադրական ծավալներն ավելացնելու նպատակով վերջերս ֆաբրիկայում ներդրվել են ժամանակակից նոր սարքավորումներ, այդ թվում ինկուբատորներ, ինչի արդյունքում ֆաբրիկան այլեւս ստիպված չի լինի թռչունները ներկրել արտերկրից: Ֆաբրիկայում կատարված ներդրումները գնահատվում են 5-6 մլն դոլար:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ թռչնաֆաբրիկայում կատարվել են լուրջ աշխատանքներ՝ թռչնամսի արտադրության ուղղությամբ: «Մենք պետք է խրախուսենք մեր արտադրողներին եւ հնարավորություն տանք, որպեսզի ավելացնեն արտադրական ծավալները, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր, ժողովորդին կապահովվի տեղական արտադրանքով: Հայաստանը տարեկան ներկրում է 30-31 հազար տոննա թռչնամիս, իսկ տեղում արտադրում 9 հազար 400 տոննա: Կարելի է ներմուծել քիչ եւ շատ արտադրել: Այդ նպատակով, կառավարությունը պատրաստակամ է աջակցել ներքին արտադրողին»,- նշել է վարչապետը:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանն Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին եւ հողօգտագործողներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքն ու կատարված միջոցառումները:

Գյուղնախարարը նշել է, որ պետական օժանդակության բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ներկրված բարձրորակ հացահատիկային մշակաբույսերի սերմացուն, մատչելի գնով պարարտանյութը եւ դիզելային վառելիքը: Սերգո Կարապետյանը շեշտել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այսուհետ գյուղացիական վարկերը չորս տոկոսի փոխարեն սուբսիդավորվելու են 6 տոկոսով, իսկ վարկերը կտրամադրվեն ապրիլի մեկից: Միաժամանակ, նախարարը նշել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաեւ ոռոգման համակարգում: Վարչապետի հանձնարարությամբ վերանորոգվել են նաեւ մի շարք խորքային հորեր: Սերգո Կարապետյանի խոսքով՝ համապատասխան քայլեր են իրականացվում նաեւ բերքի մթերման, իրացման եւ վերամշակման գործընթացը համակարգված եւ կազմակերպված կերպով իրականացնելու ուղղությամբ: Միաժամանակ, նախարարը նշել է, որ կառավարությունը լինելու է գյուղացիների կողքին՝ ծագող խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար: Այդ նպատակով նախարարությունում ստեղծվել է նաեւ թեժ գիծ:

Իր հերթին, Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ մարզում հաջողությամբ սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ընթացի մեջ է կառավարության տրամադրած սերմացուն, պարարտանյութը եւ դիզվառելիքը գյուղացիներին հատկացնելու գործընթացը: Մարզպետն ընդգծել է, որ ստեղծվել են բոլոր պայմանները՝ գարնանացանը լավագույնս կազմակերպելու համար: Համապատասխան աշխատանքներ են տարվում նաեւ գյուղմթերքի արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

Վարչապետը դրական է գնահատել ՀՀ գյուղնախարարության եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից գարնանացանի կազմակերպման ուղղությամբ կատարված նախապատրաստական աշխատանքները: «Նկատեցինք, որ գյուղացիների մոտ որեւէ լուրջ դժգոհություն չկա: Այս տարի գարնանացանի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռեւս հունվարից եւ շատ կարեւոր է, որ գյուղացին ոռոգման ջրի խնդիր չունենա: Մեզ համար կարեւոր էր տեսնել, որ Արմավիրը՝ որպես գյուղատնտեսական մարզ, պատրաստ է գյուղատնտեսական աշխատանքներին: Կատարվել են համապատասխան աշխատանքներ, որոնք դրական եմ գնահատում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կոչ է արել հողօգտագործողներին լոլիկի արտադրությունը հասցնել առավելագույնի, քանի որ այն ունի մեծ պահանջարկ: Վարչապետը նշել է, որ տարբեր գործիքակազմերով կառավարությունը պատրաստ է օժանդակել եւ՛ լոլիկ արտադրողներին, եւ՛ այն մթերող կազմակերպություններին: Հովիկ Աբրահամյանն արմավիրցիներին տեղեկացրել է նաեւ, որ Արմավիր-Երասխավան ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կսկվեն առաջիկայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Արմավիրի մարզի համայնքներում ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը, ջրամատակարարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ