News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր տարիներ այս հողերի վրա ապրեցին… Սակայն այս պատմական ողբերգության հետ չբախվեցին: Իրենց լեզուն, կրոնը, ինքնությունը տարիներ շարունակ ստիպված եղան թաքցնել իրենց հարևաններից, նույնիսկ երեխաներից: Նրանք հայերն են, ովքեր այս հողերի հին ազգերից են…

Akunq.net-ի թարգմանությամբ ներկայացանում ենք Haber10-ի հրապարակումը Թուրքիայի հայ երիտասարդների հետ զրույցից։

Հատկապես վերջին 100 տարվա ընթացքում բավականաչափ տեսան այն դժվարությունները, որ առաջանում էին իրենց ինքնությամբ ապրելու դեպքում: Երբ ասվում է 1915 թ., ինչ-որ չափով էլ սրանք են աղավնու վախվորածությամբ պարուրված կյանքերը: Իսկ երբ ասվում է Հրանտ, սրտերը մղկտում են: Այն, որ չէին կարողանում սովորել իրենց մշակույթը, ստիպված էին թաքցնել իրենց ինքնությունը, դեռ երեկ նրանց համար կենսաձև էր դարձել: Ինչ-որ մեկը՝ փողոցում, ինչ-ոչ մեկն էլ դպրոցում է իմացել, որ հայ է:

Նրանցից մեկը` Ֆերհաթը, դեռ 28 տարեկան է… «Ինչ ինքս ինձ գիտեմ, Ֆերհաթ եմ, մի ուրիշ անուն եւս կա, որ օգտագործում եմ, բայց երազներումս անգամ դեռ Ֆերհաթ եմ»,-ասում է և հավելում,-«Եթե իրական իրավական պետությունում ապրեինք, այս բոլորը գոյություն չէր ունենալու: Ըստ իս` ամենամեծ պայքարը, որ անհրաժեշտ է մղել, Թուրքիայում իրավական պետություն ստեղծելն է լինելու»:

Նմանատիպ պատմություն ունեցող մյուս անունն էլ 33-ամյա Ռուսթեմ Բաքըրջըօղլուն է… Նա նույնպես նրանցից է, ով դպրոցում է իմացել, որ հայ է: Բաքըրջըօղլուն պատմում է. «Քանի որ գյուղում դպրոց չկար, գիշերօթիկ դպրոցում եմ սովորել: Մի ընկեր վեճի ժամանակ ինձ գյավուր անվանեց, ես էլ անձնագիրս հանեցի ու ասացի. «Նայի՛ր, անձնագրում էլ է իսլամ գրվում»»:
Իսկ ինքնության հետ կապված մեկ ուրիշ հետաքրքիր դեպք Ռուսթեմի հետ տեղի է ունեցել Հունաստանում սովորելու ժամանակ: Այդ դեպքն այսօր այսպես է պատմում. «Ադըյամանից մի քուրդ ընկեր ունեի: Նրան չէի ասել, որ հայ եմ, ասելու անհրաժեշտություն էլ չէի զգացել: Երբ լսել էր, որ հայ եմ, չէր կարողացել հավատալ դրան, քանի որ իր գլխում հայի ընկալումը գուցե մարդկային նկարագրի մեջ չէր»:

Մարթա Սյոմեքը 20 տարեկան է: Լսելով, որ ընկերներն իրեն «գյավուր» են ասում, տուն է գնում և հորը հարցնում, թե ինչ ասել է` գյավուր: Իմանում է, որ հայ է, ինչը մինչ այդ թաքցվել է, և մանկությունից ի վեր որպես մուսուլման է մեծացվել:

Ֆըրաթ Բաքըրջըօղլուն տեղի ունեցածը հաղթահարելու ճանապարհին առերեսման առնչությամբ խորհրդարան ներկայացված օրինագիծը դրական քայլ է դիտարկում և կարևորում է նաև նախորդ տարվա ցավակցական ուղերձը, սակայն չի կարողանում չհիշեցնել նաև հետևյալ խոսքը. «Մենք նախաճաշը, քրդերն էլ ճաշը եղան»:

Արդարացի հիշողություն նախաձեռնությունը հայ երիտասարդների հետ խոսեց երեկվա, այսօրվա և համատեղ ապագայի մասին…

«… ԱՂՋԻԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ»

ՖերհաթԲաքըրջըօղլու, 28 տարեկան

Ապրում եմ Ադըյամանում: Ծնվել, մեծացել եմ Ադըյամանում: Հայ ընտանիք ենք: Ամենայն հավանականությամբ Ադըյամանում/Քահթայում մեր անցյալը հասնում է մինչև 1200-ական թ.: Այդ թվականից ի վեր շարունակում ենք ապրել այս տարածքում: Այս պահին Եւրոպայում կամ Թուրքիայի տարբեր շրջաններում ապրող ազգականներ ունենք, սակայն գերդաստանի մեծ մասը Քահթայում է ապում:

1915-ից առ այսօր աշխատել ենք պահել մեր հայ ինքնությունը: Մեր ինքնությունը պահել ենք թե՛ մոտ ազգականների, թե՛ նույն արմատներով մարդկանց հետ ամուսնալալու միջոցով: Ըստ էության նոր սերունդն էլ ինքնությունը պահելու ռեֆլեքս ունի: Իմ տարիքի հարազատներս էլ ամուսնացել են կամ իրենց զարմիկների, կամ այնպիսի հայ ընտանիքների երեխաների հետ, որոնց հետ սերտ կապեր կան: Սա և՛ հայ համայնքի դրսևորած բնական վարքագիծն է, և՛ մուսուլմանական հատվածի կողմից մեզ պարտադրված ռեֆլեքս, որ թեև մեզնից աղջիկ վերցնում է, բայց մեզ աղջիկ չի տալիս:

«Անունս Ֆերհաթ է»

Ինչ ինքս ինձ գիտեմ, ես Ֆերհաթն եմ: Մի ուրիշ անուն էլ ունեմ, որ ինքս եմ օգտագործում: Սակայն այն շատ չես կարողանում ընդունել, ինքնությունդ ինչ-որ ձևով սահմանել ես արդեն: Օրինակ` որոշակի գիտակցություն ձևավորելուց հետո ուրիշ անուն օգտագործելու անհրաժեշտություն զգացի, սակայն թե որքանով վերջինն ընդունեցի, չգիտեմ: Իմ երազներում անունս դեռ Ֆերհաթ է…

Անատոլիայի հայ եմ

1915թ. մեր պապերը ինչ-որ կերպ կենդանի մնալուց հետո ստիպված եղան նոր վարչակարգի կողմից իրենց տրված անուններն օգտագործել: Մի կողմից՝ Սարգիս, Գևորգ, Գրիգոր, մյուս կողմից՝ Ահմեդ, Մուսթաֆա٫ Սուլեյման և նման այլ անուններ: Քանի որ միայն այս կերպ հասարակության մեջ կարող էին տեղ գտնել: Նախկինում ռամազանի ամիսներին վարագույրը պինդ-պինդ փակում էինք ու թաքուն նախաճաշում: Մեր սերունդն այս տրավման ավելի թեթև է ապրել, մեզ նախորդած սերունդը որոշ բաներ առավել զգայուն է ապրել: Օրինակ` շատերս դպրոցում ենք իմացել, որ հայ ենք: Խաղի ժամանակ ինչ էլ որ լիներ «Վա՛յ, դուք հայ եք» ասող երեխաներին «Ո՛չ, չենք, հայը դուք եք» նման պատասխան եմ տվել: Մեր ծնողները, որոնց ցավերը դեռ զգալի էին, մեզ պահպանելու մղումով որոշ բաներ չեն պատմել, սակայն դրսում բոլորը գիտեին` ինչ է եղել: Երեխա լինելով` միայն մենք չգիտեինք: Եվ սա մի օր իմանում ենք մեր մյուս ընկերների արտահայտություններից: Սակայն վերջին ժամանակաշրջանում աշխարհում՝ ընդհանրապես կամ Թուրքիայում՝ մասնավորապես գուցե ինչ-որ զարգացում է նկատվում, չգիտեմ. եթե ավելացնենք նաև, որ մենք էլ, անշուշտ, արդեն կորցնելու ոչինչ չունենք, տարբերությունների նկատմամբ բաց և այլազան վարքագիծ դրսևորելու միտում կա:

Այսօր որտե՞ղ են հայերը:

Սրան անհրաժեշտ է նայել երկու տեսանկյունից: Օրինակ` պետության տեսանկյունից ոչինչ չի փոխվել: Հայերը դեռ որպես սպառնալիքի տարր են դիտվում: Երբ մի ընտանիք, որ հայ լինելը ուշ է իմացել, ցանկանում է իր երեխային դպրոց ուղարկել, պետությունը մերժում է նրա պահանջը՝ ասելով` «Դուք հայ չեք»: Լավ, պետությունը որտեղի՞ց գիտի, որ այս մարդիկ հայ են կամ հայ չեն: Ասել է թե` այս առնչությամբ գրանցման համակարգ կա: Այն, որ հասարակական հասկացությամբ փոփոխություններ են եղել, միանշանակ է: Երբ նախկինում մարդիկ մի հայի հասցեին շատ հեշտությամբ կարող էին վատաբանել, հիմա մի պահ մտածում են:

Այս հարցում մենք` Անատոլիայի հայերս, Ստամբուլի հայերի կամ հայոց պատրիարքարանի դեմ էլ ենք մեր բողոքն արտահայտում: Երբ խոսքը վերաբերում է մկրտվել ցանկացող քրիստոնյայի համար ամեն ինչ մանրակրկտորեն ուսումնասիրող համակարգին, հետաքրքիր է, թե ինչու այն մեզ համար հովանի չի դառնում: Այն բանից հետո, երբ Ադըյամանի հայկական համայնքն սկսեց հավաքվել ասորական եկեղեցու շուրջ, պատրիարքարանն, ինչ-որ բաներ նկատելով, սկսեց շարժվել: «Մինչ այսօր որտե՞ղ էիք» և «Ինչո՞ւ չեկաք» ասելու իրավունք٫ կարծում եմ٫ ունենք: Սա٫ անշուշտ٫ ամբողջովին կապված է այն դժվարությունների հետ, որ առկա է հայկական եկեղեցին ճանաչելու հարցում: Երբ ասորի հավատացյալն Անատոլիայում կարող է իր ուզածի պես շրջել, հայ հավատացյալի համար նույն իրավունքների մասին խոսք անգամ չկա: Ասորիներն այդ ժամանակաշրջանում պետության ուժն ընդունեցին որպես «գերակա գոյություն», մինչդեռ հայերը, ի հակադրություն սրա, դեռ պահանջատեր էին և Լոզանում պայքարում էին այդ պահանջների համար, որի պատճառով Լոզանի պայմանագրի դրույթներում ասորիներն ընդունվում են որպես թուրք-քրիստոնյա, իսկ հայերը` որպես փոքրամասնություն: Եվ ճանաչված իրավունքների շրջանակն ու լայնությունն էլ բնականաբար փոխվում է: Սա٫ մեկ այլ արտահայտությամբ٫ հայերի ձուլման համար առիթ տվող մեծ գործոն է դառնում:

1915 թ. ցավակցական ուղերձը և Հրանտ Դինքի հայտարարությունն անուշադրության մատնելու բաներ չեն

1915թ. ցավակցական ուղերձն ու Հրանտ Դինքի հայտարարությունն անուշադրության մատնելու բաներ չեն: Թեև բավական չէր, այնուհանդերձ վճռական էր, քանի որ վերջապես մի խոսք էր: Այսօր թող սա ասեն, տարվա ընթացքում ուրիշ հայտարարություն էլ կարող է լինել: Այս օրերին, օրինակ, օրակարգային թեմա է այն, որ Չանաքքալեի տոնակատարությունը տեղի է ունենալու ապրիլի 24-ին…Ինչո՞ւ 2015 թվականին: Տարիներ շարունակ մարտի 18-ին նշվող Չանաքքալեն, այս տարի ինչո՞ւ հետաձգվեց մինչև ապրիլի 24-ը: Սա ո՛չ պահք է, ո՛չ էլ կաղամբի թթու… Այսինքն` առօրյա քաղաքականության վերաբերյալ արվող հայտարարությունները վստահելի չեն թվում: Այս հողի վրա որևէ բան կառուցելը շատ դժվար է թվում:

Ի՞նչ եմ սպասում ապագայից

1915 թ. կատարվածը հայերի տեսանկյունից անվիճելիորեն ցեղասպանություն է: Անհրաժեշտ է այն ընդունել և ինչ-որ կերպ հաղթահարել այն: Դա հոգեբանության մեջ էլ է այդպես: Մարդիկ ստիպված են ինչ-որ կերպ առերեսվել իրենց սխալների հետ: Քաղաքական ուղերձներն էլ պետք է կոնկրետ համապատասխանություն ունենան: Ամենապարզ օրինակը. այն, որ Թուրքիայի և Հայաստանի միջև չկա դիվանագիտական որևէ հարաբերություն, զերծ է պահում որևէ ակնկալիք ունենալուց: Մինչև այդ դուռը չբացվի, ի՞նչ կարող է սպասվել: Եթե արևանիդ հետ հաղորդակցություն չես հաստատել, ինպե՞ս կարող է հարաբերություն լինել: Սահմանների բացումը Թուրքիայի կոնյուկտուրային և տնտեսական կառուցվածքի համար գուցե շատ մեծ բան չէ, սակայն Հայաստանի համար մեծ ձեռքբերում է:

Անշուշտ, այս երկիրն էլ է մերը٫ և նրա շահերը մեզ համար նույնպես կարևոր են, սակայն թեև երբեք չեմ գնացել Հայաստան, այնուհանդերձ երբ տեսնում եմ հայկական դրոշը, զգում եմ՝ այն շատ բան է նշանակում ինձ համար: Փաստ է, որ մենք լուրջ հոգևոր կապ ունենք:

Թուրքիայում ապագա տեսնո՞ւմ եմ

Այս առումով շատ վատատես չեմ: Սակայն կարծում եմ, որ Թուրքիայում շատ բան խոսքից այն կողմ չի կարողանում անցնել: Փողոցում կամ սրճարանում զրուցող մարդկանց լեզուն էլ նույն կերպ չի կարողանում ավելին լինել, քան որոշակի զանգվածի կամ որոշակի մարդկանց լեզու լինելն է: Այսինքն` արժևորման, քննադատության գործընթաց չկա: Եթե սա բացասական իրավիճակ էլ լինի, դրական է այն, որ٫ օրինակ٫ հատկապես Հրանտ Դինքից հետո Հայկական հարցը լուրջ հաղթանակ տանի: Դրական է նաև այն, որ հատկապես այս թեմայից ամբողջովին հեռու թուրքերը մի քիչ մոտենան այս թեմային: Այս գիտակցությունն ավելի կենդանի է քրդերի մոտ, ովքեր 1915 թ. հանցագործների սերունդներն են: Այսինքն` հուսադրող է, որ այս թեմաները վերջին ժամանակաշրջանում սկսել են ավելի շատ քննարկվել:

Արդեն տարածում է գտել այն, որ պաշտոնական պատմությունը ստեղծվել է ստերի վրա: Դպրոցական դասագրքերում հայերը դեռևս ներկայացվում են որպես դավաճաններ: Սերունդն այս գաղափարներով է կրթվում: Հատկապես թուրք-ազգայնական հատվածի այս կոշտությունն ավելի ազդեցիկ է, քան այն, որ հարցի մասին այսչափ ուշ է խոսվում: Երբ պատմությունը ստեղծված է լինում ստի, քաղաքական ժխտողականության վրա, այս հակազդեցությունը շարունակում է գոյություն ունենալ: Սակայն ակնհայտ է, որ հասարակական մակարդակում ուշիմությունն ավելի առաջնային աստիճանի է բարձրացել: Ըստ էության` վերադարձի քայլերը ժողովրդից են գալու, և պետությունն էլ փոխվելու է ներքևից եկող այս ճնշմամբ:

Ինչե՞ր լսեցի

Լսել եմ ՊԿԿ-ի մասին երկու քուրդ տղամարդկանց քննարկումը: Մեկն ասաց. «Դրանք բոլորը, ըստ էության, հայ են٫ և ամբողջը հայերի գործն է»: Օրինակ` ինձ սա չի վերաբերում: Ինչո՞ւ ես նման բանը հայերի հետ կապում: Կապ հաստատելու կետեր, անպայման, կարող են գտնվել, սակայն դրաբք շատ տարբեր թեմաներ են: Ինչո՞ւ ես այսպես՝ բոլորովին առանց քննելու, իմանալու, դատապարտում ամբողջ ազգին կամ ժողովորդին:

Քրիստոնյա լինել Անատոլիայում

Ադըյամանում մի եկեղեցի կա, որ գիտենք` պատմականորեն հայկական եկեղեցի է եղել, մինչդեռ հիմա որպես առաջնորդանիստ ասորական եկեղեցի է ծառայում: Ադըյամանից, Մալաթիայից, Ուրֆայից և շրջակա քաղաքներից եկողներ կան: Եկեղեցին սկսել է գործել 2000-ական թթ. սկզբներից: Մենք այնտեղ գնալ-գալ ենք սկսել 14-15 տարեկանից: Հասարակությունն արդեն գիտի՝ մենք ով ենք: Մենք գիտենք, որ հասարակությունը դա գիտի: Այսինքն` բոլորը գիտեն ինչն ինչ է: Սակայն բոլորը լռում էին այնպես, կարծես մի բան կար, որի մասին չպետք է խոսվեր: Երբ սկսեցինք եկեղեցի գնա-գալ, հանգիստ սկսեցինք խոսել սրա մասին: Սկսեցինք ասել, որ մենք հայ ենք կամ քրիստոնյա ենք: Այս առումով հոգեբանական մի շեմ հաղթահարեցինք, և հասարակությունն էլ, անշուշտ, մեզ հետ միասին փոխվեց: Օրինակ` մոտ 50 տարի է, ինչ նույն թաղամասում ենք ապրում: Երբ սկսեցինք եկեղեցի գնալ-գալ, մեր հարևանները դադարեցին բարևել: Մի քիչ այսպես շարունակվեց: Օրինակ` մուսուլմանների տոներին նրանց մոտ էինք գնում, նրանք էլ մեր տոներին էին գալիս: Մինչդեռ այդ ժամանակաշրջանում մեկ-երկու տարի լռություն էր: Մենք չենք գնում, նրանք էլ չեն գալիս: Սակայն հետո հարաբերությունները նորից կարգավորվեցին: Այսինքն` այս իրավիճակը ոչ միայն մեզ, այլև մեր հարևանների համար էր շեմ հաղթահարելու կետ: Սակայն այս միտքը կարողացան մարսել մեկ-երկու տարվա ընթացքում: Թեև գիտեին մեր արմատները, գիտեին٫ որ մուսուլման չենք, սակայն սրան ընտելանալը շատ երկար ժամանակ խլեց:

Օրինակ` մեր արհեստավոր այն բարեկամները, ովքեր մեզ հետ սկսել էին եկեղեցի հաճախել, այս ընթացքում գրեթե սնանկ վիճակի հասան: Սրանք «գյավուր են», սրանք «քրիստոնյա են» և նման պիտակներ կպցրեցին: Համայնքը իմանալով, որ իմամը ծագումով հայ է, նամազ անելուց հետո նրա հետևից կարող էր ասել` «Սրա թիկունքում արված նամազն ընդունելի կլինի՞»: Այսինքն` եթե Սուրբ ջրով էլ լվացվի, 40 աման ջուր էլ լցվի, գյավուրը գյավուր է. պիտակ կար:

Թեև նման բան չկար٫ սակայն լուրեր տարածվեցին, թե 9.000 բնակիչ ունեցող Քահթայում մեր արհեստագործ բարեկամներից մեկը եկեղեցի է բացելու: Եվ շատ կարճ ժամանակ անց նրանց տան առջև ձայնային պայթուցիկ պայթեցվեց: Թեև մենք շարունակաբար Ադըյաման ենք գնում-գալիս, քաղաքապետն էլ մեզ բազմիցս ասել է, որ նման պահանջ ունենալու դեպքում մենք եկեղեցի բացենք, այնուհանդերձ դրան չմոտեցանք: Քանի որ դրան պատրաստ միջավայր չենք տեսնում٫ չկա:

Յուրաքանչյուր փոփոխություն պետությա՞ն հետ է կապված

Խորքային, զուգահեռ, թե Էրգենեքոն եք ասում՝ չգիտեմ٫ սակայն քանի դեռ պետությունը տեր չի կանգնում մի կողմին, այս իրադարձությունների իրականացումը հնարավոր չէ: Սրա ամենաակնառու օրինակը Հրանտ Դինքի սպանությունն է: Սպանող անձը ձերբակալվում է٫ և պետության պաշտոնյան կարող է նկարվել մարդասպանի հետ այնպես, կարծես նա հերոս է: Մյուս կողմից՝ այս դեպքի մասին նախօրոք տեղեկացնողներն էլ հազար ու մի դժվարություններով են դատվում: Այդ պահին դատվող անուններն գործի մեջ ամենաստորին աստիճանին են կանգնած: Ոչ մի կերպ չեն բռնվում նրանք, ովքեր տվել են հրամանը: Իրադարձությունների այս ընթացքը, ըստ էության, օրինակ է հանդիսանալու այն ամենի համար, ինչ տեղի է ունենալու դրանից հետո: Անհրաժեշտ է, որ պետության նախաձեռնությամբ իրավունքը գործ դառնա: Եթե իսկապես ապրեինք իրավական պետությունում, այս ամենը տեղի չէր ունենա: Ըստ իս` ամենամեծ պայքարը, որ անհրաժեշտ է մղել, Թուրքիայում իրավական պետություն ստեղծելն է լինելու:

(շարունակելի)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ