Հայաստանը կարող է ՋԷԿ-երի տարածաշրջանային բազա դառնալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ հանրապետության պոտենցիալ հզորությունները կարելի է մեծացնել 2 հազար ՄՎտ-ով՝ Հրազդանի ՋԷԿ-ը վերակառուցելու եւ Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ նոր էներգալոկը կառուցելու ճանապարհով:
Եթե Հայաստանն այսօր օգտագործում է տարեկան մոտ 1,8 մլրդ խմ ռուսական գազ (լայն շուկայի համար) եւ 400 մլն խմ իրանական գազ (Երեւանի ՋԷԿ-ի համար), ապա մայրուղային գազատարի վերակառուցման դեպքում ստացվող գազի ծավալները կարելի է հասցնել 4-4,5 մլրդ-ի:
«ՋԷԿ-երի էլեկտրաէներգիան արտահանելու ծրագրերը համակցվում են Հայաստանից Վրաստան նոր 400 կվ էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագծի հետ: Դա նշանակում է, որ նոր հնարավորություններ են ի հայտ գալիս»,-նշել է Այվազյանը:
Այդ շինարարության մեջ հնարավոր ներդրումները քննարկվում են ամեն մի հարմար առիթով, ասել է պատգամավորը: