Ռուսաստանը մի շարք լուրջ առաջնայնություն է տալիս Եվրասիական տնտեսական միության երկրներից ժամանած աշխատանքային միգրանտներին: Այս մասին միջազգային միգրացիայի ոլորտում համագործակցության մասին՝ Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
«Ռուսաստանը ԵՏՄ-ի մասին համաձայնագրի անդամ է: Դրանով աշխատողների մուտքի, ելքի եւ ժամանման միասնական կարգ է նախատեսվում, ինչպես նաեւ նրանց կողմից աշխատանքային գործունեության իրականացման շուրջ մոտեցումների նույնականացում»,- ասել է Ռոմոդանովսկին:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, նա ընդգծել է, որ ԵՏՄ երկրներից միգրանտները Ռուսաստանում աշխատանքի թույլտվության փաստաթղթեր չեն ձեւակերպում, նրանց համար միգրացիոն հաշվառման ժամկետը հասցվել է 30 օրվա:
Ռոմոդանովսկին նաեւ նշել է, որ ԵՏՄ երկրներից աշխատանքային միգրանտները Ռուսաստանում բուժօգնություն եւ սոցիալական ապահովագրություն են ստանում նույն պայմաններով եւ նույն կարգով, ինչ ռուսաստանցիները:
«ԵՏՄ-ից աշխատանքային միգրանտի եւ նրա ընտանիքի անդամների ժամանակավոր ժամանման ժամկետը սահմանվում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետով: Այսինքն՝ Ռուսաստանը ո՛չ ԱՊՀ-ի գործընկերների, ո՛չ հեռավոր արտերկրի գործընկերների հետ երկկողմ ձեւաչափով առաջնայնությունների նման զգալի ծավալ չի ամրագրել»,- հավելել է պաշտոնյան: