News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:

Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել մեր երկրի եւ ԵԽԽՎ-ի միջեւ փոխգործակցությունը: Վարչապետը կարեւորել է տիկին Բրասերի այցը Հայաստան եւ նշել, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը:

Իր հերթին, Անն Բրասերն ընդգծել է հայաստանյան պատվիրակության ակտիվ ներգրավվածությունը ԵԽԽՎ աշխատանքներում եւ նշել, որ այն նպաստում է խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներին եւ հնարավոր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողությունները, ինչը չի նպաստում հակամարտության լուծմանը, իսկ դրա հետեւանքով իրավիճակը շփման գծում շարունակում է մնալ լարված:

Անն Բրասերը եւս անընդունելի է համարել հակամարտության գոտում լարվածության աճը եւ նշել, որ ԵԽԽՎ-ի համար գոյություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեկ ուղի՝ երկխոսություն հակամարտող կողմերի միջեւ:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է այս ուղղություններով հետեւողական գործողությունների իրականացումը:

Զրուցակիցներն քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ