Եվրախորհրդարանի բանաձեւը Հայաստանի ակտիվ աշխատանքի եւ կոչերի արդյունքն էր։ Այս մասին ապրիլի 17-ին ԱԺ-ում «Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը։
Նրա խոսքով՝ բանաձեւը մեծ նշանակություն ունի. դա կարեւոր առիթ է աշխարհին խնդիրը հնարավորինս լայն ներկայացնելու համար։ «Բանաձեւը աննախադեպ չէր, քանի որ 1987թ. Եվրախորհրդարանը արդեն նման որոշում կայացրել էր»,- ասաց Արզումանյանը։ Համեմատելով այդ 2 բանաձեւերը՝նա նշեց, որ առաջին անգամ Հայաստանն այդ գործընթացում հանդես է գալիս իբրեւ սուբյեկտ։
«Մենք բազմիցս քննադատել ենք տարբեր երկրներին այն բանի համար, որ նրանք մեր ողբերգությունն օգտագործում են սեփական շահերի համար, եւ 1987թ. Եվրախորհրդարանը այդ բանաձեւը ընդունել էր այն բանից հետո, երբ Թուրքիան ԵՄ-ին անդամագրվելու հայտ էր ներկայացրել։ Այն ժամանակ բանաձեւը փաստացիորեն ուղղված էր այդ գործընթացը ձգձգելուն, քանի որ Եվրամիությունը պատրաստ չէր ընդունել Թուրքիային»,- նշեց Արզումանյանը։