News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար դարձել է յուրօրինակ «լակմուսի թեստ» Թուրքիայի ժողովրդավարացման, մարդու իրավունքների ճանաչման եւ հարգման, Թուրքիայի եվրոպականացման ճանապարհին: Նման համոզմունք է հայտնում Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը` «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: 

Պարոն դեսպան, ապրիլի 15¬ին Եվրոպական Խոորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100¬ամյա տարելիցին նվիրված բանաձեւ: Հայաստանի հասարակությունը եւ ամբողջ հայությունը, բնականաբար, խորը երախտագիտությամբ ընդունեցին նախեւառաջ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու հանգամանքը եւ ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված կոչը: Միջազգային ամենաառաջատար լրատվամիջոցները վերջին օրերին լայնորեն անրադարձան այս իրադարձությանը: Որպես ԵՄ¬ում ՀՀ առաքելության ղեկավար, որն է Ձեր կարծիքով այս բանաձեւի ընդունման կարեւորությունը` հաշվի առնելով, որ 1987թ. արդեն նման բանաձեւ ընդունվել էր: 

Միանգամայն իրավացի եք: 1987թ. Եվրոպական Խորհրդարանն ընդունել է նման բանաձեւ: Այնուհադերձ, մի շարք գործոններ խիստ էական են դարձնում նոր բանաձեւի ընդունման հանգամանքը: Նշեմ մի քանիսը միայն: 1987թվականից անցել է մոտ երեք տասնամյակ: Դա հսկայական ժամանակ է միջազգային հարաբերություններում, մանավանդ` ներկա փուլում, որին բնորոշ է իրադարձությունների սրընթաց զարգացումը եւ իրողությունների ու խնդիրների զգալի փոփոխությունը:

Նախկին բանաձեւն ընդունվել էր բոլորովին այլ պատմական ժամանակաշրջանում եւ անգամ այլ աշխարհակարգի պայմաններում` սառը պատերազմյան համատեքստում: Վիթխարի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ուղղակիորեն առնչվում են նաեւ հայկական հարցին, նշեմ միայն մեկը` անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունը: Այս ընթացքում լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվել ինքը` Եվրոպական Խորհրդարանը, ողջ Եվրոպական Միությունը, որոնք ներկայումս ներկայացնում են գրեթե կրկնակի անգամ ավելի անդամ¬պետություն, քան 1987թ., հսկայական չափով փոխվել է, նրանց տեղն ու դերը միջազգային հարաբերությունների համակարգում: 100-ամյակն ինքնին կարեւոր էր դարձնում Եվրոպական համայնքի կողմից հայկական հարցով Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձի վերահաստատումը: Այն նաեւ առիթ էր վերագնահատելու եւ արդիականացնելու 1987թ. բանաձեւը, համապատասխանեցնելու այն ներկա իրողություններին, զարգացումներին, ըմբռնումներին եւ ընկալումներին:

Ո՞րն է այս երկու բանաձեւերի բուն տեքստային կամ դրանցում քաղաքական ուղերձների եւ շեշտադրումների տարբերությունը:

1987թ. բանաձեւը առաջիններից էր, որ ճանաչում եւ դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը եւ այն բավականին լուրջ փաստաթուղթ եւ նվաճում էր: Այն առավելապես բանաձեւ էր հայկական հարցի մասին, Թուրքիայի հայկական փոքրամասնության եւ թուրքական պետության հարաբերությունների մասին: Այս օրերին բոլոր մեկնաբանություններում միանշանակ գնահատվել է, որ նոր բանաձեւը պարզապես պատմական ճշմարտության վերհանմամբ կամ հարցի բարոյական կողմի շեշտադրմամբ չի բավարարվում եւ պարունակում է խիստ հստակ, հասեագրված եւ այսօրեական քաղաքական ուղերձներ` ուղղված Թուքրային: Խիստ էական է, որ այս բանաձեւի նախագիծը նշված ուղերձներով հանդերձ առաջադրվել է Եվրոպական Խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից համատեղ: 28 անդամ¬պետություն եւ շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական Խորհրդարանը` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ¬ի կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաեւ Եվրոպական համերաշխության եւ արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցի ոգեկոչմանը եւ կոչ անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպական խորհրդին հետեւել իր օրինակին:

Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը եւ դրանով ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։ Հատկանշական է, որ բանաձեւում ամրագրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ եւ այլ երկրների խորհրդարանների թվի աճը: Շեշտվում է անցյալի հիշողությունների պահպանման կարեւորությունը եւ ընդգծվում է, որ առանց ճշմարտության եւ հիշատակման հնարավոր չէ հասնել հաշտեցման: Նոր փաստաթուղթն ինչպես տեսնում եք, բոլորովին այլ բնույթ եւ ուղվածություն ունի, արտացոլում է ներկա քաղաքական իրողությունները եւ չի կրկնում 1987թ. բանաձեւի մի շարք կետեր: 

Պարոն դեսպան, կարծիք հնչեց, որ լավ կլիներ չհիշատակվեին հայ¬թուրքական արձանագրությունները: Ի՞նչ կասեիք այս մասին: 

Գաղտնիք չէ, որ թուրքական կողմը, չվավերացնելով հանդերձ, փորձում էր օգտագործել արձանագրությունների գոյության փաստը կանխելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը: Իհարկե սա եւ մեր դիվանագետներից, եւ մեր համայքային կազմակերպություններից լրացուցիչ ջանքեր էր պահանջում դա թույլ չտալու համար: Այս փաստաթուղթը հղում է կատարում արձանագրություններին, բայց եւ հստակ կոչ է անում Թուրքիային` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձեւի ընդունումը ցույց տվեց, որ անգամ նույն բանաձեւում արձանագությունների հիշատակումը չի ազատում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հրամայականից: Եվ սա ոչ միայն հայկական կողմի, այլեւ Եվրոպական Խորհրդարանի ընկալում է:

Պարոն դեսպան, ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի հետագա քայլերը:

Թուրքիայի ներկա քայլերը և արձագանքները վերջին զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չեն: Թուրքիան կամ ինքը պետք է կարողանա այս հարցերը լուծել Հայաստանի և հայության հետ քաղաքակիրթ երկկողմ երկխոսության ճանապարհով կամ կշարունակի հանդիպել մեր և միջազգային հանրության հետևողական և ծավալվող ճնշմանը: Երրորդ տարբերակ չկա: Իսկ ընդհանրապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար դարձել է յուրօրինակ «լակմուսի թեստ» Թուրքիայի ժողովրդավարացման, մարդու իրավունքների ճանաչման և հարգման, Թուրքիայի եվրոպականացման ճանապարհին: Իսկ նման կարգի խորքային և համապարփակ բարեփոխումները սովորաբար նախաձեռնվում են կամ տվյալ երկրի իշխանության, կամ հասարակության և կամ միջազգային հանրության կողմից: Տվյալ պարագայում Թուրքիայի իշխանությունները ցավալիորեն առաջնորդող դերում չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ