News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Որեւէ քաղաքական, կամ տնտեսական շահ չպիտի վեր լինի պատմական ճշմարտությունից եւ որ պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ։ Այդ մասին այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ բարձրացնելով Հայոց Ցեղասպանության հարցը:

Իսկ մինչ իր հիմնական ասելիքը, ԲՀԿ պատգամավորը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, հայտարարելով, որ հերթական անգամ Ադրբեջանի պատվիրակությունը այս դահլիճում էժանագին թատերականացված շոու կազմակերպեց։ Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ հայ զինվորները եւս չեն ուզում ծառայել այն

տարածքներում, որոնք հայերին չեն պատկանում ու ԵԽԽՎ դահլիճում ցուցադրել էր հայ զինվոր Անդրանիկ Գրիգորյանի, իբր սպիտակ դրոշ բարձրացրած կեղծ մի նկար։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է՝

«Այսօր նիստի մեկնարկին, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ցինիկաբար ստեց՝ թատերականացված շոու բեմադրելով այս դահլիճում։ Իսկ հիմա իմ հիմնական ասելիքը։

3 օր անց Հայաստանի հոգեւոր կենտրոն սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասումը, ինչպես ժամանակին սրբադասվեցին Բեթղեհեմի մանուկները, ու միաժամանակյա կղողանջեն Հայաստանի ու աշխարհի հայկական բոլոր եկեղեցիների զանգերը։ Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում իրականացված 1.5 միլիոն հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ 100 տարի առաջ օսման ջարդարարները կոտորեցին, տեղահանեցին, ու հայրենազրկեցին 1.5 միլիոն հայի։ Եւ քանի դեռ Թուրքիան համառորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը, նա օսմանյան ոճրագործների հանցակիցն ու համախոհն է։ Եւ պետք չէ համաշխարհային դեմագոգիայով զբաղվել՝ պատմաբանների անիմաստ հանձնաժողովների ակնկալիքով։ Ոչ մի կարգի հաձնաժողով պետք չէ Հայոց ցեղասպանությունը ապացուցելու համար։

Մտեք ցանկացած տուն Հայաստանում եւ Սփյուռքում ու գրեթե չեք գտնի մեկ ընտանիք, որ վերապրած չլինի այդ ահավոր արհավիրքը։ Դա ամենախոսուն հանձնաժողովն է՝ ցեղասպանություն վերապրածների հանձնաժողովը։

Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք հատուկ առաքելություն ունենք՝ անել հնարավորը՝ նման ոճրագործությունները բացառելու համար։ Եւ այսօր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազային հանրությանը՝ ճանաչել ու դատապարտել աննախադեպ այս ոճրագործությունը։ Ոչ մի քաղաքական շահ չի կարող վեր լինել արդարությունից։ Ոչ մի տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից։ Պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ։ Կամբոջիայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ այլ ոճիրները, նաեւ այն, ինչ այսօր կատարվում է «Իսլամիստական ահաբեկչական պետություն» կազմակերպության կողմից, մեկ բանի վկայությունն է՝ անպատժելիությունն ու մերժողականությունը նոր ցեղասպանությունների պատճառ են դառնում։

Երկու տարի առաջ, հենց այս դահլիճում, ես Ռեջեփ Էրդողանին ու Ահմեդ

Դավութողլուին հանձնեցի Հայոց ցեղասպանության զոհ դարձած անմեղ երեխաների նկարներն ու հորդորեցի նայել անմեղ այդ զոհերի աչքերին։ Թուրք պաշտոնյաների հայացքում ո՛չ կարեկցանք կար, ո՛չ զղջում։ Ավարտեմ ելույթս գերմանացի հայտնի հոգեւորական Մարտին Նեմյուլերի խոսքերով, ով Ֆաշիստական ռեժիմի կողմից ձերբակալվելուց հետո ասել էր՝ «երբ ֆաշիստները եկան կոմունիստների հետեւից՝ ես լռեցի, երբ նրանք եկան հրեաների հետեւից, ես դարձյալ լռեցի ու ոչինչ չասացի։ Երբ նրանք եկան արդեն իմ հետեւից, չկար որեւէ մեկը, ով կարող էր ինձ պաշտպանել»։ Հարգելի գործընկերներ, մենք, դուք, լռելու իրավունք չունենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ