News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայոց ցեղասպանության հետ կապված Թուրքիայում արդեն շատ կարեւոր խոսքեր են հնչել, բայց մենք այդ երկրից այլ՝ հայ ժողովրդի ցավը կիսող բառեր ենք սպասում: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին կայացած սգո արարողության ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Իր ելույթում նախագահ Օլանդը նշեց.

«Խոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ, մենք երբեք չենք մոռանա այն, ինչ վերապրել է հայ ժողովուրդը: 100 տարի առաջ ոչնչացնող ատելությունը կոտորեց բնակչության կեսին միայն այն պատճառով, որ նրանք հայ էին: Սակայն նրանք չհաջողվեց ծրագրածն ավարտին հասցնել, քանի որ դուք այստեղ եք, դուք ապրում եք, հիշողություն ու ճանաչման հասնելու ցանկություն ունեք:

Ցեղասպանությունը սկսվեց հայ մտավորականության ոչնչացմամբ. 1915 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը սպանվեցին հայ մտավորականության 650 ներկայացուցիչներ: Դա սկիզբ դրեց հայերի ոչնչացման եւ դեպի անապատներ աքսորման ճակատագրական մեխանիզմին: Սկսած 1915 թվականից Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը համատեղ հռչակագրով դատապարտեցին այդ գործողությունները՝ այդ արյունալի իրադարձությունները բնորոշելով որպես մարդկության դեմ հանցագործություն: Առաջին անգամ օգտագործվեց «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը:

Ֆրանսիան ընդունեց փրկված հայերի մի մասին միակ բեռով՝ ողբերգությամբ: Հայերը պատերազմների ժամանակ պաշտպանել են Ֆրանսիան՝ երբեք չմոռանալով իրենց արմատների մասին: Չեմ կարող չմտածել իմ հայազգի հայրենակիցների մասին. գիտնականներ, նկարիչներ, մարզիկներ, արտիստներ, ինչպիսին է Շառլ Ազնավուրը: Նրանք մեր ընդհանուր հպարտությունն են:

Ֆրանսիայում մենք միշտ հիշում ենք այն մասին, ինչ տեղի ունեցավ հայերի հետ, Փարիզում տեղադրված է Կոմիտասի կիսանդրին՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, եւ այսօր, օրվա երկրորդ կեսին, Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է տեղի ունենալու, ներկայացվելու է նոր հուշակոթող՝ 36 սյուներով:

1.5 մլն հայերի ոչնչացումից հետո, որը նախկինում անհնար էր ներկայացնել եւ ձեւակերպել, հրեական ծագմամբ լեհ Լեմկինն այդ իրադարձությունները բնորոշեց ցեղասպանություն:

2001 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունվեց, որը հաստատեց ակնհայտը, որը վաղուց հայտնի էր պատմաբաններին: Այդ օրենքն անհրաժեշտ էր, քանի որ միայն դա կարող է մեղմել բոլոր նրանց ցավը, ովքեր այսօր ապրում են, մենք չպետք է վերադառնանք անցյալի սխալներին, եւ այդ օրենքը համապատասխանում է Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին: Մենք տարբերություն չենք դնում Ռուանդայի, Կամբոջայի եւ Տանզանիայի ցեղասպանությունների միջեւ, այդ պատճառով ես թույլ եմ տվել բացել Ռուանդային վերաբերող արխիվները: Անընդունելի է, որ քրիստոնյաներին ոչնչացնում են միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են, մահմեդականներին ոչնչացնում են միայն այն պատճառով, որ նրանք մահմեդական են, հրեաներին ոչնչացնում են միայն այն պատճառով, որ նրանք հրեա են: Այսօր Մերձավոր Արեւելքում կանոնավոր կերպով ոչնչացումներ են տեղի ունենում, որի թիրախում են նաեւ Սիրիայի հայերը, քրդերը: Շատերը կարող են սպանվել, եւ դրանում մեղավոր կլինի մեր անտարբերությունը: Այդ ժողովուրդներն ամբողջ Արեւելքի հարստությունն են, մենք պետք է նրանց համերաշխություն հայտնենք, բոլոր ժողովրդավարական երկրները պետք է աջակցեն նրանց: Ֆրանսիան դասեր չի տալիս, բայց մենք գիտենք պատմության կշիռը, մենք հրաշալի եւ ծանր ժամանակներ ենք ունեցել:

Ցեղասպանությունը հիշելը չի նշանակում դատավարություն սկսել, դա նշանակում է հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, որպեսզի այլեւս երբեք այդ ողբերգությունը չկրկնվի:

Ֆրանսիայի պարտականությունն էր Ցեղասպանությունը ճանաչելը: Մեր ներկայությունը Երեւանում մեր զգացմունքները հանգստացնելու համար են, որպեսզի ամբողջ աշխարհում հաղթանակի փոխըմբռնումը: Մենք կցանկանայինք, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները բաց լինեին, որպեսզի այդ երկու ժողովուրդները մերձենան:

Ցանկանում եմ նաեւ անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Ֆրանսիան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ, պետք է նպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք խաղաղության կոչ ենք անում, եւ ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը՝ որպես խաղաղության ակտ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ