News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


NEWS.am-ի հարցազրույցը 1986-ին Չեռնոբիլի ատոմակայանի աղետի հետեւանքների վերացման մասնակից, փոխգնդապետ Վլադիմիր Սոկոլյանի հետ:

Պատմեք ձեր մասին, որտե՞ղ եք անցկացրել մանկությունը, ինչպե՞ս դարձաք զինվորական, որտե՞ղ եք ծառայել:

Ծնվել եմ 1943-ին Ստալինգրադում, թեեւ այնպես ստացվեց, որ ծննդյան վկայականում գրված է Աստրախան: Հայրս զինվորական էր, ուստի հաճախ էր մեկ բնակավայրից մյուսը տեղափոխվում: Դպրոց եմ հաճախել Յարոսլավլում: Հետո, երբ սովորում էի 5-րդ դասարանում, մեկնեցինք Ուկրաինա, հետո՝ Լենինական: Հայրս ծնունդով Լենինականից էր, որտեղ էլ հիմա թաղված է: Մայրս ռուս էր, թաղված է Սանկտ Պետերբուրգում:

1961 թվականին ընդունվեցի Բաքվի բարձրագույն հրամանատարական ուսումնարանը, որն ավարտել եմ 1965-ին Կարմիր դոպլոմով ու նշանակում ստացել Մոսկվայում: Հետո ուղարկեցին ծառայելու Երեւան, ավելի ճիշտ Լուսակերտ: Մեկ տարի անց տեղափոխեցին Լենինական, քիմիական պաշտպանության առանձին վաշտ: Ակադեմիայից հետո ուղարկվել եմ Ախալքալաք: Որոշ ժամանակ անց նորից տեղափոխեցին Լենինական՝ քիմիական ծառայության պետի օգնական: Դրանից հետո նշանակվել եմ Երեւանում 630-րդ առանձին քիմիական գումարտակի հրամանատար եւ այդ պաշտոնում մնացել 5 տարի: հետո տեղափոխվել եմ ԵՊՀ զինվորական ամբիոն, հետո եղել եմ Հայկական ԽՍՀ քաղաքացիական պաշտպանության հակառադիացիոն եւ հակաքիմիական պաշտպանության շտաբի բաժնի պետ: Հենց այդ պաշտոնում էլ 1986 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մասնակցել եմ Չեռնոբիլի աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին:

Քաղպաշտպանության շտաբի պետ, գեներալ-մայոր Մելքոնովը Մոսկվայից կարգադրություն է ստացել սպաներ պատրաստել ատոմակայանի վթարի հետեւանքները վերացնելու աշխատանքներին օգնելու համար: Հավաքեցին 5 մարդ, այդ թվում ես: Մոսկվան հաստատեց ցանկը, եւ մեզ կանչեցին ՀՍԽՄ քաղավիացիայի շտաբի պետի մոտ՝ հրահանգավորման: 30 օր աշխատել ենք վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին:

Ինչպիսի՞ն էր իրավիճակն աղետի գոտում:

Կայարանից 30 կմ շառավղող ամբողջ բնակչությունը տարհանվել էր: Չեռնոբիլում գտնվում էին միայն վթարի հետեւանքների վերացման հարցերով օպերատիվ խմբերը, շինարարները, բժիշկները, ինչպես նաեւ սպասարկող անձնակազմը, բաղնիքներ, ճաշարաններ, քանի որ հազարավոր մարդկանց պետք էր կերակրել ու հագցնել: Իրավիճակը շատ ուզեղ ազդում էր բոլորի վրա, բնակիչներ չկան, մեքենա չկա, միայն ծառայողական: Մթերքները, շինանյութերը, բետոնը, ամեն ինչ պետք էր բերել: Չեռնոբիլի ուղղությամբ հարյուրավոր մեքենաներ էին գնում: Աղետի գոտի կարելի էր մուտք գործել միայն հատուկ անցաթղթերով:

Աղետի գոտում նույնիսկ կենդանիներ չկային: Կամ տարել էին, կամ՝ ոչնչացրել: Անցնում ես անտառներով, ոչ ոք չկա, լռություն է, հատկապես երեկոյան ժամերին: Անտառում սնկերը բնականից մեծ են, պարզ է, որ ճառագայթման հետեւանքն է: Թռչուններ մի քանի անգամ ենք տեսել:

-Ի՞նչ է հայտնի վթարի պատճառների մասին։

4-րդ բլոկում պայթյուն էր տեղի ունեցել։ Սկզբում կարծիք կար, թե պայթյունը միջուկային է եղել։ Սակայն իրականում ջերմային պայթյուն էր։ Վթարի պատճառը հերթափոխի կոպիտ խախտումներն էին։ Դրանցից մեկը ռեակտորների սառեցումն ապահովող պոմպերի անջատումն էր։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ է շարժիչը։ Ռեակտորն ավելի քան 4 ժամ աշխատել է առանց սառեցման։  Հեղուկը, որը սովորական ռեժիմով աշխատելիս տաքանում է մինչեւ 200 աստիճան, սառեցման անջատման պարագայում տաքացել էր մինչեւ 1000 աստիճան։ Ջերմային պայթյունի հետեւանքով ռեակտորի պաշտպանությունը խախտվել էր, եւ 1800 տոննա ուրանի երկօքսիդ դուրս էր նետվել մթնոլորտ։ Պրիպյատ քաղաքի բնակիչները, չհասկանալով, թե ինչ է կատարվում, դուրս էին եկել «բեւեռային ճաճանչափայլություն դիտելու»։ Պարզ է, թե որտեղ նրանք հայտնվեցին դրանից հետո։

Ոչ ոք չգիտեր, թե կոնկրետ ինչ է կատարվել։  Ռեակտորի խափանումը աննախադեպ վթար էր։  Կայանի աշխատակիցներին չէին զգուշացրել, տեղյակ չէին նաեւ կայանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Պրիպյատ քաղաքի բնակիչները։ Դրա հետեւանքները ծանրագույնն էին։ Միայն օրեր անց սկսեցին աշխատանքներ տարվել, ստեղծվեց կառավարական հանձնաժողով, տարհանվեցին բնակիչները։ Ընդ որում, չասելով մարդկանց, թե որքան ժամանակով են նրանց տարհանում, ուղղակի նստեցնում էին ավտոբուսները եւ ասում, թե տեղափոխում են 2 օրով։

Սակայն անձնակազմի թերացումից զատ, ինչպես պարզվեց մանրամասն ուսումնասիրության արդյունքում, կար նաեւ ռեակտորի շինարարության ժամանակ թույլ տրված սխալ։ Անձնակազմը շատ երիտասարդ էր, նրանց չէին զգուշացրել անվտանգության կանոնների պահպանման  մասին։ Կարծում եմ, որ վթարի մեջ որոշիչը եղել է մարդկային գործոնը։

Երբ ես Պրիպյատում էի, իմ ուշադրությունը հրավիրեց քաղաքի կենտրոնում գտնվող ունիվերմագի վրա տեղադրված պաստառը՝«Խաղաղ ատոմը յուրաքանչյուրիս տանը»։ Դա թողել են որպես հիշատակ։

1970-1985թթ. Եվրոպայի, Ամերիկայի, Ճապոնիայի, Կանադայի, Գերմանիայի եւ Անգլիայի շատ քաղաքներում ԱԷԿ-երում ավելի քան 150 վթար է տեղի ունեցել։ Սակայն դրանք տեղային բնույթի էին, թեեւ զոհեր կային։  Նախքան Չերնոբիլի վթարը ԽՍՀՄ-ում եղել է շուրջ 10 վթար, որոնցից մեկը՝ Չերնոբիլի ԱԷԿ-ի առաջին բլոկում, եւ 1982թ. Հայաստանի ԱԷԿ-ի առաջին բլոկում գեներատոր էր պայթել։ Իրավիճակը շատ նման էր նրան, ինչ պատահեց Չերնոբիլում։ Սակայն այստեղ ժամանակին աշխատեցին համապատասխան ծառայությունները, ջուր մատակարարեցին եւ մենք խուսափեցինք աղետից։

Ռեակտորը ծածկելուց հետո սկսվեց 2-րդ հիմնական խնդիրը. Սարկոֆագի կառուցումն ու թաքստարանի օբյեկտը։ Հաղորդվում էր, որ օբյեկտը կառուցվել է, եւ այն հերմետիկ է։  Դա մասնագետների մոտ թերահավատություն առաջ բերեց։ Սարկոֆագի ներսում շղթայական ռեակցիան շարունակվում է։ Եթե այն հերմետիկ փակեն, կլինի այն, ինչ կլինի. գազ կկուտակվի, եւ պայթյուն տեղի կունենա։  Ուստի հերմետիկ փակել հնարավոր չէ։ Սակայն հատուկ ֆիլտրեր կան տեղադրված, որոնցից ժամանակ առ ժամանակ գազը դուրս է բերվում։ Կարելի է դա ապահով համարել, սակայն ֆիլտրերը պետք է փոխվեն։

Ցրտերը վրա հասնելուն պես առաջացավ ապաակտիվացման համար անհրաժեշտ ջրի սառցակալման խնդիրը։ Մոսկվայում առաջարկեցին այդ նպատակով օգտագործել ամոնիակային ջուր։ Դժվար էր պատկերացնել, թե ինչպես ենք մշակելու տեխնիկան սուր հոտի պայմաններում։ Ես մտքեր փոխանակեցի տեղում աշխատող հանձնաժողովի նախագահի օգնականի հետ։ Ասացի, որ Չերնոբիլի մոտակայքում չկա երկաթուղային կայան, եւ ամոնիակային ջրի մատակարարումները մեծ քանակությամբ տեխնիկա կպահանջեն։ Արդյունքում քիմիական վարակման գոտի կստեղծվի։ Դրանից հետո ես գնացի, սակայն հետո իմացա, որ որոշել են ամոնիակային ջուր չօգտագործել։

Ներողություն հարցի համար, բայց ինչպես է Ձեր առողջությունն այդ ամենից հետո:

Ինչպես ասում եմ ամեն մեկի առողջությունն իր ձեռքում է: Փորձում եմ առողջ կենսակերպ վարել, շատ քայլել: Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելուց հետո բազմիցս պառկել եմ հիվանդանոցում:

Բայց գլխավորն այն է, որ մարդը պետք է հավատ ունենա, որ ինքը կարեւոր գործ է անում իր ուժերի ներածին չափով:

Անգրկելին գրկել անհնար է, բայց մեր խումբն իր ուժերի չափով ներդրում է ունեցել այդ սարսափելի վթարի հետեւանքների վերացման գործում: Այն ժամանակ ոչ ոք չէր մտածում առողջության, պարգեւների մասին, մենք կատարում էինք մեր պարտքը: Բացի այդ, ուզում եմ ասել, որ աղետի հետեւանքների վերացմանը մասնակցել է ավելի քան 3 հազար հայ, այդ թվում կանայք: Նրանք բոլորը կատարում ին իրենց պարտքը: Փառք ու պատիվ նրանց:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ