News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նա այսօր՝ ապրիլի 29-ին,  այցելել է ԵՊՀ: Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը: Ծառուղու աջ եւ ձախ կողմերում տեղադրվել են Հայոց ցեղասպանության ողբերգական տարիներին եւ հետագայում հայապահպան, հայանպաստ գործունեություն ծավալած եվրոպացի եւ ամերիկացի մտավորականներից, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներից 12-ի՝ Յոհաննես Լեփսիուսի, Կարեն Յեպպեի, Ֆրիտյոֆ Նանսենի, Հենրի Մորգենթաուի, Ֆրանց Վերֆելի, Ջեյմս Բրայսի, Արմին Վեգների, Անատոլ Ֆրանսի, Յակոբ Քյունցլերի, Ռաֆայել Լեմկինի, Պիեռ Քիյարի եւ Ալմա Յոհանսոնի կիսանդրիները:

Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների եւ ԵՊՀ ռեկտորի ուղեկցությամբ այնուհետեւ շրջայց է կատարել համալսարանի նորաբաց «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն»-ում, ծանոթացել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնի հնարավորություններին:

Երեւանի պետական համալսարանի «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը» հիմնվել է միջառարկայական կրթություն, հետազոտություններ իրականացնելու եւ գիտության առաջընթացը տարբեր ոլորտներում կիրառելի դարձնելու նպատակով: Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության եւ արտադրության միջեւ կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման եւ գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները:

Շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի լաբորատորիաների հնարավորությունները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով: Այստեղ արդեն իսկ իրականացվում են ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտություններ: Կենտրոնի հետազոտական աշխատանքներում ընդգրկված են նաեւ ԵՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ եւ ասպիրանտներ:

Շրջայցից հետո ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստին: Օրակարգը, թիվս այլ հարցերի, ներառել է խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրությունների վերաբերյալ հարցերը: Խորհրդի անդամների կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Խորհրդի քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը, ում թեկնածության օգտին արտահայտվել են ինչպես խորհրդի անդամ դասախոսները, այնպես էլ ուսանողները, նշելով, որ խորհրդի քարտուղարի նոր թեկնածուն ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ է, հեղինակ է 20-ից ավելի գիտական հոդվածների եւ 2 մենագրության: Նա նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, առիթ է ունեցել Հայաստանը ներկայացնել միջազգային գիտաժողովներում, որպես ուսանող՝ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում եւ օժտված է մարդկային բարձր հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ