Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կոնֆերանսն այսօր՝ ապրիլի 30-ին, նիստից առաջ որոշել է մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Որոշումն ընդունվել է խորհրդարանականներ Ֆրանսուազա Շեմպանսի եւ Դենիս Դյուքմարքի համատեղ առաջարկով: Այս մասին գրում է բելգիական «La Libre» թերթի կայքը:
Պարբերականը հիշեցնում է, որ միայն Բելգիայի Սենատն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Դաշնային կառավարությունը երբեք չի արտահայտվել այդ թեմայով:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը նման ժեստ է անում Բրյուսելի խորհրդարանում այդ հարցով քննարկումից մեկ շաբաթ անց, որտեղ երեք պատգամավոր դեմ է եղել մեկ րոպե լռությամբ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուն: