Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն, այսօր՝ մայիսի 3-ին ընդունել է Ավստրիայի Վերին պալատի անդամ Յենեւայն Հանս Յորգին, ով Արցախ է ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի բարեկամների թիվը եւս մեկով ավելացավ նրա այցի արդյունքում: Ա. Հարությունյանը կարեւորել է Ավստրիայի խորհրդարանի եւ քաղաքական ուժերի հետ կապերի հաստատման եւ ամրապնդման նշանակությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան եւ «Ավստրիայի ազատական կուսակցությանը»՝ վերջերս Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած լրջագույն ներդրման համար:
Յենեւայն Հանս Յորգը ներկայացրել է «Ավստրիայի ազատական կուսակցության» դիրքորոշումները՝ ընդգծելով ազատության ձգտող ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը՝ որպես առաջնահերթություն: Նա իր հիացմունքն է հայտնել ընտրությունների կազմակերպվածության եւ ժողովրդավարականության վերաբերյալ՝ համեմատելով առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ:
Կողմերը քննարկել են Արցախի ժողովրդավարությանն ու հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր եւս:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը եւ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: