Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի Դորտմունդ քաղաքում իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում քննադատել է Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշումը, գրում է Die Welt-ը։
Մայիսի 3-ին Նորդռայն Վեսթֆալեն դաշնային հողի Վեսթֆալենհալեում թուրք վարչապետը մի քանի հազար թուրքերի առաջ նախընտրական ճառ է կարդացել։
«Այդ մասին ես շատ հաճախ եմ խոսել տիկին Մերկելի հետ եւ այդ դիրքորոշումը ներկայացրել եմ Գերմանիայի խորհրդարանին։ Եթե մեկը ուզում է փորձել մեզ այսպես կոչված ցեղասպանության մասին պատմել եւ պատմության դասեր տալ, ապա մենք դրան այսպես ենք պատասխանում. «Մենք հայերի եւ Անատոլիայի այլ ազգերի հետ միասին ենք ապրել։ Մենք գիտենք, թե ինչպես պետք է նրանց հետ խոսենք ու ինչպես պիտի մերձեցնենք պատմությունը։ Մենք թույլ չենք տա մարդկանց, որոնք չեն կարող սեփական պատմությանը առերեսվել, մեզ մեր պատմությունը սովորեցնեն կամ մեր արժեքները հարցականի տակ դնեն»,- ասել է Դավութօղլուն։
Նշենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու։