News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքային պաշտոնյաների սիրած զբաղմունքները քիչ չեն։ Դրանց թվում ուշադրություն է հատկացվում նաեւ բնապահպանությանը, մասնավորապես շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Այդ ոլորտում մենք ուղղակի ցնցող հաջողություններ ունենք։

Եթե դատենք պաշտոնական տեղեկություններով՝ անցյալ տարի մեր մայրաքաղաքը վերածվել է հսկայական ծաղկանոցի։ Բերենք քաղաքապետարանի հաղթական հաղորդման թվերը. «Մայրաքաղաքում տնկվել է մոտ 60 000 ծառ եւ թուփ, 2 200 000 ծաղկի սածիլ, 700 000 կակաչ»։ Սա, ինչպես հասկանում ենք, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատանքն է։

Ընթացիկ տարվա ծրագրով նախատեսվում է «տնկել 54 000 ծառ եւ թուփ»։ Բայց, ցավոք սրտի, կակաչների մասին ոչ մի խոսք։ Կամ անցյալ տարվա ծրագիրը տապալվել է, կամ էլ տեղեկության երկրորդական լինելու պատճառով չի հիշատակվում։ Թեպետ նախորդ տարի 700 հազար կակաչ տնկելը մանրուք չէ...

Ի միջի այլոց, այս վարչության «նախաձեռնություններից» մեկը բնական ծաղիկներով տասնյակ արկղերի տեղադրումն էր Հրազդան գետի կամրջի բազրիքներին՝ Երեւանյան լճի մոտ։ Ասել, թե կամրջի արտաքին տեսքը դրանից լավացել է, չենք կարող։ Հետո էլ սա զբոսանքի վայր չէ, ինչի մասին տեղյակ են բոլոր երեւանցիները։ Ինչ դրդապատճառներով է առաջնորդվել Բնապահպանության վարչությունը, պարզ չէ...

Այնպես որ, այս «նախաձեռնության» մասին երեւանցիների կարծիքը գրեթե միասնական է՝ «ինչի՞ վրա են ծախսվում փողերը»։ Բնապահպանության հետ կապված ներկայիս իրավիճակը կարելի է համեմատել կենցաղային օրինակի հետ. տանիքը կաթում է, բնակարանում մկներ են վխտում, ծեփը թափվում է, բայց փողերը ծախսվում են... ծաղիկների վրա։

Բնապահպանության խնդիրները, բառիս բուն իմաստով, մայրաքաղաքում բավական լուրջ են։ Հետազոտությունների համաձայն՝ մայրաքաղաքի հողերը թունավորված են ծանր մետաղներով՝ արճիճ, սնդիկ, պղինձ եւ այլն։  Մի շարք շրջաններում դրանց պարունակությունը գերազանցում է նորման եւ մասնագետների ահազանգի պատճառ դառնում։ Ընդ որում հողի եւ օդի աղտոտման գործընթացը շարունակվում է։ Վերջին տարիներին մայրաքաղաքում մեքենաների պարկը անհավանական մեծացել է, հետեւաբար այդքան անգամ շատացել է վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ։ Լուրջ խնդիրներ կան արդյունաբերական թափոնների, կենցաղային աղբի եւ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված։

Սակայն այս փաստերը, ինչպես հասկանում ենք, բացարձակապես չեն հետաքրքրում քաղաքապետարանի աշխատակիցներին։ Թեեւ նրա նրանք իրենց հարազատների պես գտնվում են ռիսկային գոտում՝ առողջությանը սպառնացող շրջակա միջավայրում։ Սակայն, որքան էլ որ «տարօրինակ» է, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության ղեկավար Ավետ Մարտիրոսյանի ուշադրությունը կենտրոնացած է «կակաչների», այլ ոչ թե լուրջ խնդիրների լուծման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ