News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 5-ին ընդունել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ միության ԱՄՆ-ի Արեւմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Ջաստիք Բունիաթյանի գլխավորությամբ:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդես գալով բացման խոսքով եւ կարեւորելով Սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդումը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը եւ ընդգծել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ է մեր երկիրն ուժեղ եւ անպարտելի, ի զորու հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2015 թվականի հայ ժողովրդի համար երկու նշանակալի իրադարձությունների՝ Հայոց Մեծ եղեռնի հարյուրերորդ տարելիցին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների՝ այդ թվում հայերի մասնակցությամբ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սփյուռքահայ հյուրերին հավաստիացրել է, որ ինչպես տասնյակ տարիներ առաջ է հայկական զինուժը պատվով հանձնել իր առջեւ դրված քննությունը, այնպես էլ այսօր բարձր մակարդակով է կատարում իր բոլոր խնդիրները՝ արժանի հակահարված հասցնելով հակառակորդի ցանկացած ոտնձգությանը:

«Ապրում ենք Հայաստանից հեռու, սակայն սնվում ենք հայրենիքով, ապրում հայերենով ու հայեցի, ուրախանում Հայաստան աշխարհի յուրաքանչյուր ձեռքբերմամբ ու հաջողությամբ»,-այսպես է սկսել իր ելույթը Հայ օգնության միության ԱՄՆ-ի Արեւմտյան շրջանի գրասենյակի տնօրեն տիկին Բունիաթյանը, ով պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հավաստիացրել է, որ բոլոր սփյուռքահայերի համար առաջնային հարցը հայապահպանությունն է եւ Հայ օգնության միության ներկայացուցիչները եւս պատրաստ են իրենց ժամանակն ու միջոցները ներդնել ազգային բանակին աջակցելու, հայ զինվորի կողքին գտնվելու համար:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ