News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայիսի 5-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վահան եւ Ճամբարակ սահմանամերձ համայնքներ: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վահանի համայնքապետ Գուրգեն Բալյանը եւ Ճամբարակի համայնքապետ Յուրա Ավալյանը:

ՏԿԱԻ նախարարի առաջին կանգառը Վահան սահմանամերձ համայնքն էր: Ա. Երիցյանը եղավ Վահան համայնքի թանգարանում եւ ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին ու Վահանի ինքնապաշտպանության մարտերում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան-պանթեոնին:

Այնուհետեւ նախարարն այցելել է համայնքի մանկապարտեզ, որը վերանորոգվել է 2012 թվականին՝ «Շեն» եւ SAGF բարեգործական կազմակերպությունների միջոցներով: Շենքն ունի արեւային ջեռուցման համակարգ, որը տեղադրվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ:

Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Մնացականյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց տարածքում, եղավ հանդիսությունների սրահում, ծանոթացավ մանկապարտեզի հնարավորություններին եւ ընթացիկ աշխատանքին: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում 40 երեխա:

Նախարար Ա. Երիցյանը զրուցեց նաեւ գյուղացիների հետ, ծանոթացավ համայնքում առկա խնդիրներին: Համայնքապետ Գուրգեն Բալյանը նշեց, որ Վահանն ունի որոշ գյուղատնտեսական խնդիրներ, հիմնականում կապված գյուղտեխնիկայի հետ, սակայն ի տարբերություն շատ համայնքների՝ գյուղում լուծված է խմելու ջրի հարցը:

«Ուրախալի է, որ գյուղը չունի խմելու ջրի խնդիր: Ես այցելել եմ սահմանամերձ բոլոր համայնքներ, եւ գրեթե բոլոր համայնքները խմելու ջրի խնդիր են ունեցել»,-ասաց նախարարը:

Ճանապարհին նախարար Երիցյանն այցելել է նաեւ Վահան գյուղի մերձակա մարտական դիրքեր, որտեղ հրամանատարության հետ քննարկվել են քաղաքացիական պաշտպանության խնդիրները:

Մարզային այցի հաջորդ կանգառը Ճամբարակն էր, որը հանրապետության միակ քաղաքային սահմանամերձ համայնքն է: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել է Ճամբարակի առողջական կենտրոն, որտեղ ծանոթացել է վերանորոգման աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին եւ զրուցել բուժանձնակազմի հետ: Ա. Երիցյանը հետաքրքրվել է նաեւ առողջական կենտրոնի «1-03» ծառայության սպասարկմամբ:

«Ճամբարակի բնակիչը, բացի ՎիվաՍել-ՄՏՍ-ից, այլ օպերատորի հեռախոսահամարից զանգելով «1-03» ծառայություն, կապ է հաստատում Երեւանի «1-03» ծառայության աշխատակցի հետ: Մենք սերտ համագործակցում ենք նաեւ մյուս օպերատորների հետ, որպեսզի յուրաքանչյուր բջջային օպերատորի հեռախոսահամարից «1-03» զանգահարող Ճամբարակի քաղաքացին կապ հաստատի անմիջապես տեղի առողջական կենտրոնի հետ», - տեղեկացրել է նախարարը` հավելելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ սահմանամերձ համայնքների շտապօգնության մեքենաների արդիականացման ուղղությամբ:

Ճամբարակի առողջական կենտրոնի նոր մասնաշենքը վերանորոգման փուլում է եւ պատրաստ կլինի շահագործման ընթացիկ տարվա նոյեմբերին:

Կենտրոնի տնօրեն Արմեն Մելքումյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց կատարեց շինհրապարակում, ծանոթացավ կենտրոնի բաժանմունքներին, ծննդատանը, բուժսպասարկման այլ հնարավորություններին: Կենտրոնի տնօրենը նախարարին հայտնեց, որ նորակառույց հիվանդանոցը հագեցած կլինի ժամանակակից բուժտեխնիկայով եւ կունենա բարձրակարգ որակավորում ունեցող բուժանձնակազմ: Առողջական կենտրոնում գործելու է Ճամբարակում առաջին վերելակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ