News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին՝ պահանջելով Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենի գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, ինչպես նաեւ քրեական գործ հարուցել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի դեմ:

NEWS.am-ի հետ զրույցում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եւ կոռւպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնության մի շարք ակտիվիստների ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը նշեց, որ յուրացումների մեջ մեղադրվող՝ գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենի կատարած հանցանքի մեջ իր մեղավորությունն ունի նաեւ փոխնախարարը:

«Հարցումներ ենք գլխավոր դատախազին, թե ինչու մեղադրանք չի առաջադրվում սոցապնախարարության աշխատակիցներին, որովհետեւ ակնհայտ է, որ տարիներ շարունակ տնօրենը յուրացումներ է կատարել, կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, եւ հնարավոր չէր՝ դա չնկատեին նախարարության աշխատակիցները, հատկապես Ֆիլարետ Բերիկյանը: Ակնհայտ է, որ գոնե Բերիկյանը տարին 3 անգամ այցելել է հաստատություն, ժողովներ  կազնակերպել, սնունդն է ստուգել եւ ոչ մի խախտում չի արձանագրել: Անհնարին է դա ուղղակի»,- ասաց նա:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենի գործը պետք է անհապաղ հանձնվի ՀՔԾ-ին, քանի որ նախարարության աշխատակիցները բարձրաստիճան պաշտոնյաներ են, եւ հնարավոր չէ, որ Քննչական կոմիտեի քննիչները քննություն կատարեն. «Սկզբում երբ գործը գնաց Քննչական կոմիտեի Հատուկ կարեւոր գործերով գլխավոր վարչություն, մեծածավալ աշխատանք կատարվեց, երեք անձի մեղադրանք առաջադրվեց: Իսկ հիմա պետք է մեղադրանք առաջադրվի նախարարության աշխատակիցներին, որը, սակայն, ՀԿԳ գլխավոր վարչությունն անել չի կարող»:

Տիգրան Հայրապետյանը բողոքներ է ներկայացրել նաեւ վարչապետին եւ սոցապնախարարին:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Գայանե Մարգարյանը 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների: Արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա եւ ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները: Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ.Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանի եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին եւ ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.747.358 ՀՀ դրամ գումար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ 2014թ. ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ