News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները եւ Համաշխարհային կոմիտեի անդամները, ովքեր Հայաստանում ս.թ. մայիսի 6-11-ը անցկացնում են Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, կարեւորել սկաուտության առաքելությունն ու շարժման կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված պետությանն արժանի, կրթված եւ ճիշտ արժեքներ կրող, ֆիզիկապես եւ հոգեպես առողջ սերնդի դաստիարակությանը:

Ընդգծելով, որ Հայաստանում երեխաների եւ երիտասարդների շրջանում նման կրթադաստիարակչական աշխատանքներ իրականացնող այլ կազմակերպություններ էլ կան, Սերժ Սարգսյանը նշել է, որ որքան շատ լինեն այդպիսի շնորհակալ աշխատանքով զբաղվող կառույցները, այնքան կշահեն պետությունն ու հասարակությունը:

Հանրապետության նախագահը կարեւորել է սկաուտական միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ Հայաստանի ազգային սկաուտական շարժման սերտ համագործակցությունն ու տարիներ շարունակ հետեւողականորեն համահայկական եւ միջազգային միջոցառումների կազմակերպումը, որը, Նախագահի համոզմամբ, համագործակցության, փորձի փոխանակման, ջերմ ու բարեկամական հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից եւս չափազանց կարեւոր է:

Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած 1989 թվականից գործող Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը 1997 թվականից է դարձել Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ, այդուհանդերձ, կազմակերպությունը հանդիսանում է դեռեւս 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միության ավանդույթների կրողն ու շարունակողը:

Ողջույնի խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Համաշխարհային սկաուտության կողմից նախաձեռնած «Խաղաղության սուրհանդակներ» ծրագրին՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու տարածմանը եւ շեշտել, որ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ զարգացման ձգտող Հայաստանի համար դա չափազանց կարեւոր ծրագիր է: Նախագահի համոզմամբ, Մերձավոր Արեւելքում, մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում այսօր անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված մարտահրավերների առկայության պայմաններում նման նախաձեռնություններն առավել քան կարեւոր են եւ արդիական:

Նախագահը ներկայացրել է Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը եւ ընդգծել, որ Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ վստահության ստեղծման, կառուցողական բանակցությունների անցկացման համար: Այդ նպատակով մեր երկիրը նաեւ մասնակցում է Ադրբեջանում անցկացվող միջազգային կամ տարածաշրջանային տարբեր միջոցառումների, մինչդեռ Ադրբեջանը խուսափում է Հայաստանում այդպիսի միջոցառումներին՝ անգամ սկաուտական շարժման ապաքաղաքական սեմինարին մասնակցությունից:

Նախագահը նշել է, որ բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պետականորեն ջանքեր են գործադրվում երիտասարդների ինքնադրսեւորման հնարավորությունների ստեղծման համար:

Հանդիպմանը սկաուտական շարժման գլխավոր քարտուղարը եւ բոլոր մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ հյուրընկալության եւ Հայաստանում սկաուտական շարժմանը ցուցաբերած աջակցության ու մշտական ուշադրության համար, նշել, որ հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է անցկացնել եւս մեկ մեծ միջոցառում՝ տարածաշրջանային համաժողով: Սկաուտական շարժման մասնակիցները հույս են հայտնել, որ նախագահը միջոցառման շրջանակներում կհյուրընկալվի Բյուրականի սկաուտական բանակավայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ