News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակում մեկնարկել է «Բարձրագույն կրթության եւ Բոլոնիայի գործընթացի հեռանկարները» թեմայով քննարկումը, որտեղ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել զեկույցով: ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է բարձրագույն կրթության դերը ժողովրդավարության զարգացման համար. «Բարձրագույն կրթության համակարգում ժողովրդավարական սկզբուքների կիրառումը կնպաստի նաեւ կոնֆլիկտների լուծմանը եւ կօգնի գտնել  փոխզիջումներ, ինչպես նաեւ հասնել նրան, որ մեծամասնությունը հաշվի նստի փոքրամասնության իրավունքների  եւ տեսակետների հետ»,-շեշտել է Ա. Աշոտյանը  եւ հավելել. «Կրթությունը հիմնարար մոտեցում է ժողովրդավարական մշակութի զարգացման համար: Ժողովրդավարությունը նոր լեզու սովորելու պես մի բան է` եթե տեւական ժամանակ այն չես կիրառում, ժամանակի ընթացքում մոռանում ես»:

Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի հեռանկարներին եւ մարտահրավերներին`  Արմեն Աշոտյանը շեշտել է ուսանողների շարժունության իրավունքի, ուսանողակենտրոն կրթության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունների, համալսարանների դերի բարձրացման եւ աշխատաշուկային միտված բարձրագույն կրթության կազմակերպման եւ համալսարանների հանրայնացման խնդիրը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵԿԲՏ բոլոր երկրների համալսարաններում ակադեմիական ազատությունը պետք է լինի հիմնարար սկզբունք, հասարակություններում պետք է բարձրացվի համալսարանների դերը՝ դրանք հանրային բաց ու հաշվետվողական կառույցների վերածելու ճանապարհով:

«Այդ նպատակով շատ կարեւոր է համալսարաններում մոնիթորինգային կենտրոնների ստեղծումն ու երիտասարդ գիտաշխատողների համար աշխատանքային ավելի լավ պայմանների ստեղծումը: Մյուս կարեւոր խնդիրն աշխատաշուկայի կարիքների բավարարմանը միտված կրթության բովանդակության ստեղծումն է: Այս իմաստով պետք է թիրախային աջակցություն ցուցաբերել այդ խնդիրն ունեցող բոլոր երկրների համալսարաններին», -նշել է ՀՀ ԿԳ նախարարը եւ շեշտել, որ ապագայի մարտահրավերներից կարեւոր նշանակություն ունի նաեւ Բոլոնիայի գործընթացի նկատմամբ վստահության բարձրացումը՝ ԵԿԲՏ անդամ երկրների հասարակություններում:

«Կարծում եմ՝ որպեսզի գտնենք ինչ տեսակի կրթության կարիք ունենք հարցի պատասխանը, նախ պետք է հստակեցնենք՝ ինչպիսի հասարակություն ենք ուզում ունենալ հարցի պատասխանը»,- նշել է Ա. Աշոտյանը: Քննարկման ընթացքում ԵԿԲՏ ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ ԵԿԲՏ տարածքում ուսանողների ֆինանսական վիճակի բարելավմանը՝ որպես համընդհանուր խնդիր: Նշվել է, որ ըստ վերջին ուսումնասիրությունների` ուսանողների ֆինանսական վիճակը համաշխարհային տնտեսական վերջին ճգնաժամից հետո վատթարացել է բոլոր երկրներում: Նշվել է, որ այս խնդրի կարգավորման ուղղությամբ կարեւոր է ուսանողների ներգրավումը բարձրագույն կրթության քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաեւ ուսանողների մոտ արմատավորել սովորելուն զուգահեռ աշխատելու եւ ամբողջ կյանքի ընթացքում սովորելու սկզբունքը:

Անդրադարձ է արվել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարունակական վերապատրաստումների խնդիրներին: Ելույթների ընթացքում դրական գնահատականներ են հնչել նաեւ երեւանյան կոմյունիկեի մշակման աշխատանքների վերաբերյալ՝ շեշտելով, որ կատարվել է բարձրակարգ աշխատանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ