News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Աթենքում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանում առանձնազրույց է ունեցել խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հետ:

Առանձնազրույցից հետո ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի խորհրդարանի խոսնակը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:

Ասուլիսին ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի խոսնակին ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու համար:

Նա Կոնստանտոպուլուին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովն առաջիկայում կստեղծի «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» հանձնախումբ, եւ Հունաստանի խորհրդարանի խոսնակին առաջարկել է նման հանձնախումբ ձեւավորել նաեւ Հունաստանի խորհրդարանում` նշելով, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիկայում նման կոչով դիմելու է այլ երկրների խորհրդարանների եւս:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել հիմնախնդրի շուրջ Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի եւ դատապարտելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Հունաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Զոյի Կոնստանտոպուլուն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի խորհրդարանին եւ մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման պայքարում Հայաստանի կողքին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ