Մայիսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գործընկեր պետությունների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին:
Նիստերն անցկացվեցին Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող Վճռական աջակցություն եւ ԿՖՈՌ գործողություններին, ինչպես նաեւ «Փոխգործունակության հարթակին» ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձեւաչափով: Նիստերի ընթացքում քննարկումներ ծավալվեցին Աֆղանստանում եւ Կոսովոյում անվտանգային իրավիճակի, կոալիցիոն զորքերի գործողությունների ընթացքի եւ հարատեւ կայունության հաստատման հեռանկարների վերաբերյալ: Գլխավոր շտաբերի պետերը կարծիքներ փոխանակեցին նաեւ միջազգային խաղաղության եւ անվտանգության ջանքերում համատեղ ուսումնավարժանքների արդյունավետության բարձրացմանը միտված՝ ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների միջեւ «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կյանքի կոչման մտահղացման շուրջ:
Նույն օրը Յուրի Խաչատուրովը հանդիպում ունեցավ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գեներալ Ադրիան Բրադշոուի հետ: Հանդիպման նպատակն էր կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգութան եւ միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի Հանրապետության մասնակցության հարցերի շուրջ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կատարվող ռազմական զարգացումները, առաջնագծում տեղի ունեցած վերջին միջադեպերը, միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցության հեռանկարները: Իր հերթին, գեներալ Բրադշոուն երախտիքի խոսքեր արտահայտեց Աֆղանստանում եւ Կոսովոյում անցկացվող կոալիցիոն առաքելությունների Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարունակական մասնակցության համար: