Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են կրթական ոլորտի բարեփոխումներին, Արցախի մայր բուհի եւ ՀԱՊՀ միջեւ առկա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանրապետության տնտեսության զարգացման համար պահանջարկ ներկայացնող մասնագետների՝ ինժեներական կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ուղղությամբ:
Ա. Հարությունյանը բարձր է գնահատել ՀԱՊՀ մասնակցությունն Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում: Հ. Թոքմաջյանն իր հերթին տեղեկացրել է, որ շարունակվելու է համալսարանի կողմից Արցախի հանրակրթական դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագիրը: