News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթն առանձնանում է մասնակիցների լայն աշխարհագրությամբ եւ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Հայաստանյան մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած եւ առաջին փուլ անցած երիտասարդ ջութակահարներն ունեն փայլուն երաժշտական կենսագրություն, նրանցից շատերն արդեն իսկ մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ են։ Եվ պատահական չէ, որ այդ երաժիշտներն իրենց կենսագրությունում եւ մասնագիտական կարիերայում ցանկանում են ունենալ նաեւ մասնակցություն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին։ Սա խոսում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի՝ աշխարհում ունեցած մեծ հեղինակության եւ բարձր վարկանիշի մասին։

Առանձնացնենք 11-րդ մրցույթի 1-ին փուլի միայն մի քանի մասնակիցներին։

Դրուխ Էլինա (Ռուսաստան). Էլինան Սվիրիդովի անվան միջազգային մրցույթի հաղթող է (Սանկտ Պետերբուրգ, 2007թ.)։ 1-ին մրցանակ է շահել Վայմանի անվան միջազգային մրցույթում (Սանկտ Պետերբուրգ, 2009թ.)։ Նա նաեւ Ռախմանինովի անվան 5-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր է։ Եվ սա Էլինա Դրուխի հաղթանակների մի մասն է միայն։

Կամիշիկիրյո Այկո (Ճապոնիա). Լեոպոլդ Բելլանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Փարիզ, 2014թ.), 2-րդ մրցանակներ՝ Մարկո Ֆլորինդոյի անվան (Իտալիա, 2013թ.), 2014թ. Ռումինիայում, 2008թ. Ճապոնիայում անցկացված միջազգային մրցույթներում։

Դավիթ Արդուխանյան (Ռուսաստան). Դավիթը 2012թ. Աստանայում կայացած ջութակահարների 4-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիրն է։ 1-ին մրցանակ է շահել նաեւ Բեթհովենի անվան միջազգային մրցույթում (Վիեննա, 2012)։ Նա վարպետության դասեր է անցել այնպիսի հեղինակավոր երաժիշտների մոտ, ինչպիսիք են Մաքսիմ Վենգերովը, Զախար Բրոնը, Ալեքսանդր Վիննիցկին, Բորիս Կուշնիրը եւ այլք։

Կարմենովա Մերուերտ (Ղազախստան).  Կարմենովա Մերուերտը նույնպես մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է՝ Ղազախստանում անցկացված ջութակահարների 2-րդ, Վոլգոգրադում կայացած Simphony, Բեթհովենի անվան ջութակահարների (Ավստրիա), Տոլյատիում անցկացված միջագզային մրցույթներում նա արժանացել է 1-ին մրցանակի։ Մոսկվայում տեղի ունեցած David Oistrakh ջութակի միջազգային մրցույթում ստացել 2-րդ մրցանակ։

Միլետիչ Իվա (Սերբիա). 29 մրցույթներում զբաղեցրել է մրցանակային տեղեր։ Առանձնացնենք դրանցից մի քանիսը՝ Բեթհովենի անվան (Չեխիա, 2006թ.), «Երիտասարդ վիրտուոզներ» (Բուլղարիա, 2004թ.), Քանեթիի անվան (Թուրքիա, 2007թ.) միջազգային մրցույթների 1-ին մրցանակ, 2-րդ մրցանակներ՝ Մենդելսոնի անվան (Բեռլին, 2013թ.), Պ. Վլադիգերովի անվան (Բուլղարիա, 2007թ.) միջազգային մրցույթներում եւ այլն։

Տարոսյան Ելենա (Ռուսաստան). Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է՝ «XXI դարի մշակույթ եւ կրթություն», «Հյուսիսի ջութակ», բացի այդ, հաղթել է Ռոդոս կղզում (Հունաստան, գրան պրի), Գերմանիայում անցկացված միջազգային մրցույթներում, Ռուսաստանի 10-րդ Դելփյան խաղերի հաղթող է։ Լեհաստանում անցկացված Մ. Լավրինովիչի անվան, Մոսկվայում կայացած Դ. Օյստրախի անվան միջազգային մրցույթներում զբաղեցրել է 2-րդ տեղը եւ այլն։ 2014-ին Աստանայում կայացած ջութակահարների միջագզային մրցույթում ստացել է գրան պրի։

Լեոն Նիքոլ (Վենեսուելա). բազմաթիվ մրցույթների մասնակցություն ունենալուց բացի, Վենեսուելայի ներկայացուցիչ Լեոն Նիքոլը վարում է շատ ակտիվ համերգային գործունեություն։ Որպես մենակատար ելույթ է ունեցել Westchester Philharmonic, Ambler Symphony, Venezuelan Philharmonic նվագախմբերի հետ։ Որպես Իցհակ Պերելմանի կամերային նվագախմբի երաժիշտ՝ ելույթ է ունեցել Քարնեգի Հոլլում: Ավարտել է Ջուլիարդ դպրոցը, Mercantil Scholarship, Dorothy Delay Scholarship, Jerome L. Greene Fellowship կրթաթոշակառու է: Ունի մի շարք ձայնագրություններ:

Այնպես որ՝ հունիսի 6-14-ն Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթում սպասվում է թեժ մրցակցություն, իսկ ժյուրիին՝ հետաքրքիր աշխատանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ