Եվրամիությունը դիտարկում է անվտանգության ոլորտում Ուկրաինային տրամադրվող աջակցության ավելացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղար Մայա Կոչյանչիչը:
Նրա խոսքով, մայիսի կեսերին Ուկրաինայում էր Դոնբասի իրավիճակի վերլուծության ԵՄ գնահատման առաքելությունը:
«Առաքելությունը Կիեւում տարբեր հանդիպումներ է ունեցել, մասնավորապես, առանցքային նախարարների եւ Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ: Նրանք մանրամաս տեսակետներ են փոխանակել ԵՄ աջակցության ավելացման տարբերակների մասին»,- ասել է Կոչյանչիչը:
Միաժամանակ, նա չի հստակեցրել, խոսքը ֆինանսական, թե՞ խորհրդատվական օգնության մասին է: